Հայաստանը հաջողությամբ տեղաբաշխել է 500 մլն դոլարի երկրորդ թողարկման եվրապարտատոմսերը. ֆինանսների նախարարություն

23.03.2015 20:56
Հայաստանը հաջողությամբ տեղաբաշխել է 500 մլն դոլարի երկրորդ թողարկման եվրապարտատոմսերը. ֆինանսների նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/.  Հայաստանը մարտի 19–ին հաջողությամբ տեղաբաշխել է 500 մլն դոլարի երկրորդ թողարկման եվրապարտատոմսեր, հայտնում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

Թողարկման գլխավոր տեղաբաշխողներն են` Deutsche Bank-ը, HSBC-ն և JP Morgan-ը:

Ներդրողների լայն շրջանակի և կրկնակի պահանաջարկի առկայության դեպքում մինչև 2025 թվականը ժամկետով եվրապարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմել է 7.15 տոկոս, իսկ տեղաբաշխման եկամտաբերությունը` 7.5 տոկոս։ (Միջին սվոփից շեղումը (սփրեդ) կազմել է 543.7 բազիսային կետ, իսկ 10–ամյա պարտատոմսերի տոկոսադրույքի նկատմամբ` 551.8 բազիսային կետ)։

Հայաստանի վարկանիշը Moody's-ը գնահատել է «Ba3», իսկ Fitch-ը՝ «B+» մակարդակում:

Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում իրականացրեց։ Թողարկման ծավալը կազմել էր 700 մլն դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6 տոկոս։ Հիմնական տեղաբաշխողներն էին  Deutsche Bank AG–ն, London Branch–ը, HSBC Bank plc–ն և J.P.Morgan Securities plc–ն։

Ինչպես հայտնում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, Հայաստանը հայտարարում է անդրանիկ եվրապարտատոմսերի գծով պարտավորությունների կառավարման առաջարկի (ետգնման) արդյունքները, որոնք ամփոփվել էին 2015 թվականի մարտի 18–ին Նյու Յորքի ժամանակով 17։00–ին (Երևանի ժամանակով մարտի 19–ի 01։00) պարտավորությունների կառավարման առաջարկության` 2015 թվականի մարտի 12–ի հուշագրի պայմաններին համապատասխան։

Մինչև 2020 թվականը ժամկետով դեբյուտային եվրապարտատոմսերի ետգնման համախառն ծավալը կազմել է $199,928,000։ Այսպիսով, 2015 թվականի մարտի 26–ից հետո շրջանառման մեջ մնացած պարտատոմսերի ծավալը կկազմի 500.072.000 դոլար։

Հաղորդման համաձայն` Deutsche Bank, HSBC–ն և JP Morgan–ը պարտավորությունների կառավարման առաջարկի գործարքների գործակալներն էին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև