Մեսթեր. ԴՊՀ-ն կարող է բարձրացնել տոկոսադրույքները հունիսին

24.03.2015 15:04
Մեսթեր. ԴՊՀ-ն կարող է բարձրացնել տոկոսադրույքները հունիսին

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Քլիվլենդի Դաշնային պահուստային բանկի ղեկավար Լորետա Մեսթերի կարծիքով` ամերիկյան տնտեսությունը շարունակում է վերականգնվել, և հունիսի նիստում տոկոսադրույքների բարձրացումը միանգամայն հավանական է։

Այդ տեսակետը Մեսթերը հնչեցրեց «Բլումբերգ» հեռուստաալիքին տված իր հարցազրույցում, հաղորդում է vestifinance.ru-ն։

«Նիստի արդյունքում մենք բացառեցինք «համբերություն» արտահայտությունը ԴՊՀ դրամային քաղաքականության նորմալացման պարագայում։ Դա չի նշանակում, թե տոկոսադրույքները հունիսին պարտադիր կբարձրանան, սակայն նման հավանականություն կա։ Տոկոսադրույքների բարձրացումը կոմիտեի ապրիլի նիստում քիչ հավանական է, սակայն հունիսի և դրան հաջորդող նիստերին տոկոսադրույքների բարձրացման մասին որոշում կարող է ընդունվել։

Ես չէի գերագնահատի ԴՊՀ կանխատեսումների փոփոխությունները տնտեսության աճի թեմայով, որոնք արվել են վերջին նիստի արդյունքում։ Այդ փոփոխություններն ավելի շուտ ժամանակավոր գործոններն են արտացոլում։

Իմ կարծիքով` ընդհանուր առմամբ սպառողական և կորպորատիվ մակարդակների ռիսկերը իջնում են, բանկերն անցան ռեկապիտալիզացիան, կորպորատիվ հաշվեկշիռները միանգամայն կայուն տեսք ունեն, այնպես որ ես լավատեսորեն եմ գնահատում տնտեսության հեռանկարները։

Իսկ եթե մոտ ժամանակներս ԱՄՆ տնտեսական աճի սառեցման և գնաճի դանդաղման նոր հաստատումներ գտնենք, ապա դա կարող է ԴՊՀ դրամային քաղաքականության նորմալացման հետաձգման առիթ դառնալ»։

Լորետա Մեսթերը ձայնի իրավունք չունի Բաց շուկայի դաշնային կոմիտեի (Federal open market committee, FOMC) անդամների 2015թ. ամենամյա ռոտացիայի շրջանակում։ Քլիվլենդի Դաշնային պահուստային բանկի ղեկավարը դրամային քաղաքականության վերաբերյալ որոշում ընդունելու համար ձայնի իրավունք կստանա հաջորդ տարի։--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև