Դրագի. ԵԿԲ-ն շանտաժի չի ենթարկել Հունաստանին

24.03.2015 17:41
Դրագի. ԵԿԲ-ն շանտաժի չի ենթարկել Հունաստանին

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավար Մարիո Դրագին չի կարծում, թե ԿԲ-ն շանտաժի է ենթարկել Հունաստանին, երբ այս տարվա փետրվարին սահմանափակել է այդ երկրի բանկային համակարգին վարկերի տրամադրումը, հաղորդում է Vestifinance.ru-ն` հղում անելով Bloomberg գործակալությանը։

Նախորդ ամիս կարգավորիչը հրաժարվեց գրավ ընդունել Հունաստանի պետական պարտատոմսերը, որոնց նկատմամբ, կապված Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին համաձայնագրի գործողության հետ, 2012 թվականից գործում էր ժամանակավոր կանոն, որն իրավունք էր տալիս կենտրոնական բանկին գրավ ընդունել հունական պարտատոմսերը, չնայած նրան, որ դրանց վարկանիշը ցածր է ներդրումային մակարդակից։

Համաձայնագրի գործողության դադարեցման որոշումը պայմանավորված է եվրագոտում գործող կանոններով, քանի որ Հունաստանն այդ պահին այդպես էլ չկարողացավ ԵՄ հետ համաձայնեցնել համագործակցության նոր պայմանները։

«Ի՞նչ շանտաժի մասին կարող է խոսք լինել։ Մենք Հունաստանի համար որևէ կանոն չենք ստեղծել, կանոնները գործում էին և կիրառվել են», – հայտարարեց նա։

ԵԿԲ նախագահը նշեց, որ ԿԲ-ն կարող է վերադարձնել ժամանակավոր կանոնը, որը նրան իրավունք է տալիս գրավ ընդունել հունական պարտատոմսերը, ընդ որում, դա որոշ պայմանների կատարում կպահանջի։

Դրագիի խոսքերով` ԵԿԲ ռիսկերի ծավալը Հունաստանում աճել է գրեթե կրկնակի անցյալ տարվա դեկտեմբերից և կազմում է 104 մլրդ եվրո։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև