Հայաստանի ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը`10,5%

24.03.2015 20:50
Հայաստանի ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը`10,5%

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. 2015թ.–ի մարտի 24-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել լոմբարդային ռեպո տոկոսադրույքը 1.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 12.0% և անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%, հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

2015թ.–ի փետրվարին արձանագրվել է 0.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.2% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը ամսվա վերջին կազմել է 5.4%: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կպահպանվի թույլատրելի միջակայքի վերին սահմանի շրջակայքում, որից հետո կրկին կմոտենա նպատակային ցուցանիշին:

Արտաքին հատվածում վերջին զարգացումները  հիմնականում համահունչ են եղել տարեսկզբին արված ԿԲ կանխատեսումներին, ինչի պարագայում թե՛ ԱՄՆ, թե՛ Եվրոգոտու և թե՛ ՌԴ տնտեսական աճերը գնահատվում են կանխատեսված մակարդակների շրջանակում: Հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում, ինչպես և սպասվում էր, պահպանվել են գնանկումային միտումները: Ելնելով նշված զարգացումներից՝ ԿԲ խորհուրդը գտնում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ:

Խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ տնտեսությունում հունվար-փետրվար ժամանակահատվածի տնտեսական ակտիվությունը փոքր-ինչ գերազանցել է սպասելիքները՝ պայմանավորված հիմնականում գյուղատնտեսության և շինարարության ճյուղերում սպասվածից բարձր աճով: Մյուս կողմից, նախորդ տարեվերջի զարգացումներով պայմանավորված, ՀՀ ֆինանսական և ապրանքային շուկաների լարվածությունը թուլացել է, որի հիման վրա էլ Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքների նվազեցումը՝ իջեցնելով լոմբարդային ռեպո տոկոսադրույքը և վերականգնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքից դրա բնականոն՝ 1.5 տոկոսային կետով հեռացվածությունը:

Միաժամանակ, մարտի 1-ից ուժի մեջ է մտել բանկերի կողմից ներգրավված երկարաժամկետ միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման զրոյական կամ թույլ մեխանիզմը, որն, առաջին եռամսյակում իրականացված մակրոպրուդենցիալ այլ միջոցառումների հետ մեկտեղ, էականորեն չեզոքացրել է նախորդ տարվա վերջին պարտադիր պահուստավորման խստացման ազդեցությունը: Դա իր հերթին դրամավարկային պայմանների թուլացում է և առաջիկայում ևս կնպաստի տնտեսական ակտիվության աճին:

Հետագայում, տնտեսական զարգացումներին զուգընթաց, ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոփոխել էր 2015 թվականի փետրվարի 10-ի նիստի ժամանակ` 9,5%–ից հասցնելով 10,5%։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև