Հայաստանի ԿԲ նախկին ղեկավարը նախազգուշացնում է երկրի արտաքին պարտավորությունների կատարման խափանման մասին. թերթ

30.03.2015 14:52
Հայաստանի ԿԲ նախկին ղեկավարը նախազգուշացնում է երկրի արտաքին պարտավորությունների կատարման խափանման մասին. թերթ

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին պարտավորությունների կատարումը կարող է վտանգվել պետական պահուստների ներկայիս պայմաններում, կարծում է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

«Հաշվի առնելով ՀՀ արտաքին պարտքի մեծությունը, որը շուրջ յոթ անգամ գերազանցում է պահուստների մեծությունը և վճարային հաշվեկշռի խորացող ճեղքվածքը, կարելի է եզրակացնել, որ պահուստների մակարդակը հասել է այն սահմանին, երբ վտանգվում է ՀՀ  պարտավորությունների կատարումը»,- ասվում է Ասատրյանի «Հայաստանը նոր ճգնաժամի նախաշեմին» հետազոտության մեջ, որը հրապարակվել է «Չորրորդ իշխանություն» թերթում։

Այդ պայմաններում, նրա խոսքերով, երբ կարգավորիչը շարունակում է միջամտությունները, և բացի նրանից, որ 2014 թ. ընթացքում ՀՀ միջազգային պահուստների գումարը նվազեց մեր երրորդով, այս տարվա հունվար ամսին Կենտրոնական բանկի գործողությունների արդյունքում պահուստների մակարդակը նվազեց ևս շուրջ 140 մլն ԱՄՆ դոլարով` մինչև 1351 մլն ԱՄՆ դոլար։ Փաստորեն, ՀՀ արտաքին պահուստների մակարդակը նվազել է մինչև ներմուծման 3,5 ամսվա ծածկույթը։

ԿԲ նախկին ղեկավարը կարծում է, որ ԿԲ միջամտությունները փոխարժեքի շուկայում պետք է բացառվեն, իսկ դեպքերը հստակ կանոնակարգվեն և լինեն հրապարակային։ Լողացող փոխարժեքի քաղաքականությունը Հայաստանում ներկայիս պայմաններում չունի այլընտրանք. շեղումը այդ քաղաքականությունից հղի է լուրջ հետևանքներով։

Ասատրյանը նշում է, որ ստեղծված իրավիճակում ԿԲ-ն արտառոց, շոկային լուծումներից պետք է անցում կատարի «հետևողական, ընկալելի ու թափանցիկ և կանխատեսելի քաղաքականության»։ ԿԲ-ն պետք է սեղմ ժամկետներում մշակի և հրապարակի դրամավարկային միջոցառումների կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրեր, որում պետք է հայտարարվեն դրամավարկային քաղաքականության հիմնարար մոտեցումները, այդ թվում` արժութային շուկայում իրականացվող քաղաքականությունը, տոկոսադրույքների քաղաքականությունն ու պարտադիր պահուստավորման գործիքի կիրառման սկզբունքներն առաջիկա մեկ և հետագա տարիներին։

Ընդ որում, ինչպես կարծում է ԿԲ նախկին ղեկավարը, միջոցառումների ծրագրում առանձնահատուկ տեղ պետք է տրվեն ֆինանսական, մասնավորապես` բանկային հատվածի կայունությանն ուղղված քայլերին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև