ՀՀ ԿԲ–ն բարձր է գնահատում Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվածությունը տնտեսության զարգացման ծրագրերում

02.04.2015 15:25
ՀՀ ԿԲ–ն բարձր է գնահատում Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվածությունը տնտեսության զարգացման ծրագրերում

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը Միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ Կենտրոնական և արևելյան Եվրոպայի տնօրեն  Տոմաշ Տելմայի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի 20-ամյա գործունեությունը երկրում՝ հատկապես մատնանշելով տնտեսության ճյուղերի, մասնավորապես` ֆինանսական հատվածի զարգացմանը միտված ծրագրերում կորպորացիայի արդյունավետ ներգրավվածությունը, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են կազմակերպության նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Յան Վան Բիլսենը, նախկին տնօրեն Թոմաս Լյուբեկը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին և այլոք:

ԿԲ նախագահն առանձնացրել է Թոմաս Լյուբեկի անձնական ներդրումն ու շնորհակալություն հայտնել նրան՝ պաշտոնավարման ընթացքում երկու կառույցների միջև փոխըմբռնման և համագործակցության մթնոլորտի ձևավորման համար՝ հույս հայտնելով, որ նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Յան Վան Բիլսենի հետ կշարունակվեն հարաբերությունների խորացումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Տոմաշ Տելման իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և գոհունակություն հայտնել Հայաստանում կորպորացիայի ծավալած գործունեությունից՝ հատկապես ֆինանսական շուկայում և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ:։

Նա հույս է հայտնել, որ նոր տարածաշրջանային տնօրենն իր հերթին կշարունակի սերտ համագործակցությունը ՀՀ կենտրոնական բանկի հետ՝ համատեղ նոր ծրագրերին օժանդակելու ուղղությամբ:

Կողմերը քննարկել են Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացումները, հեռանկարները և այն նախաձեռնությունները, որոնցում ակնկալվում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի օժանդակությունը:   –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև