Արդշինբանկը և OFID–ը 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել

03.04.2015 11:31
Արդշինբանկը և OFID–ը 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արդշինբանկը և OPEC-ի միջազգային զարգացման հիմնադրամը (OFID) 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Վարկային պայմանագրի ստորագրումը կայացել է այս տարվա մարտի 31–ին Վիեննայում։ OFID-ի կողմից պայմանագիրը ստորագրեց գլխավոր տնօրեն  Սուլեյման Յասիր Ալ-Հերբիշը, Արդշինբանկի կողմից՝ վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:

Հաղորդման համաձայն` վարկային միջոցները կուղղվեն փոքր և միջին ձեռնարկությունների կողմից փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ոլորտում իրականացվող նախագծերի ֆինանսավորմանը:

«Կողմերը սերտորեն համագործակցում են սկսած 2010 թվականից, և սույն պայմանագրի ստորագրմամբ համագործակցության ծավալը կկազմի 20 մլն ԱՄՆ դոլար»,– նշվում է հաղորդման մեջ։

OFID-ի գլխամասային գրասենյակում տեղի ունեցած պայմանագրի ստորագրման արարողության ընթացքում Գրիգորյանն ընդգծեց Հայաստանի տնտեսության համար հիդրոէներգետիկայի և ընդհանուր առմամբ էներգիայի արտադրության զարգացման ռազմավարական կարևորությունը։

«Ես բարձր եմ գնահատում այն փաստը, որ OFID-ի կողմից տրամադրված միջոցները կնպաստեն Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացմանը` շնորհիվ փոքր և միջին ձեռնարկությունների համար երկարաժամկետ ֆինանսական միջոցների հասանելիության ընդլայնման: Սույն պայմանագրի ստորագրումը OFID-ի և Արդշինբանկի միջև համագործակցության սերտացման լավ ցուցանիշ է, որն, անշուշտ, կունենա ամրապնդման և ընդլայնման միտում»,– ասաց նա։

Ալ-Հերբիշն իր հերթին խորին գոհունակություն հայտնեց Հայաստանի տնտեսության և էներգետիկ ոլորտի զարգացմանն աջակցելու հերթական հնարավորության առնչությամբ։

«Հայաստան իմ այցելությունների ընթացքում ես համոզվեցի Հայաստանի համար էներգետիկ ոլորտի կարևորության մեջ: Ես շատ ուրախ եմ, որ մեզ հերթական հնարավորությունն ընձեռվեց վերականգնվող էներգիայի` մասնավորապես փոքր հիդրոէլեկտրակայանների նախագծերի, ոլորտում մեր գործունեությունն ընդլայնելու համար»,– նշեց Ալ Հերբիշը:

OFID-ը (OPEC Fund for International Development) միջազգային զարգացման հիմնադրամ է: Այն կազմավորվել է 1976թ.-ին OPEC-ի անդամ երկրների կողմից, որի հիմնական նպատակն է խթանել տնտեսական և սոցիալական առաջընթացը և ֆինանսական աջակցություն ցուցաբերել զարգացող երկրներին:

«Արդշինբանկ» ՓԲԸ–ն (ավելի վաղ` «Արդշինինվեստբանկ», վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ 2014 թվականի նոյեմբերի 31–ին) գրանցվել է 2003 թվականի փետրվարին։ «Արդշինբանկ» ՓԲԸ–ն իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայում Բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում:

Բանկի ակտիվները 2014 թվականին կազմել են 369.1 մլրդ դրամ (աճը` 37%), պարտավորությունները` 321,7 մլրդ դրամ (աճը`42,8%), ընդհանուր կապիտալը` 47,4 մլրդ դրամ (աճը` 7,4%), իսկ վարկային ավանդները` 220,1 մլրդ դրամ (աճը` 27,8%)։ Բանկի զուտ շահույթը 2014 թվականին կազմել է 4,2 մլրդ դրամ նախորդ տարվա  6,4 մլրդ դրամի դիմաց ($1 – 472,37 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև