Հայաստանի միջազգային պահուստները 2015 թ.–ի առաջին եռամսյակի վերջում կկազմեն մոտ 1,5 մլրդ դոլար. թերթ

08.04.2015 13:19
Հայաստանի միջազգային պահուստները 2015 թ.–ի առաջին եռամսյակի վերջում կկազմեն մոտ 1,5 մլրդ դոլար. թերթ

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2015 թ.–ի առաջին եռամսյակի վերջում կկազմեն մոտ 1,5 մլրդ դոլար, գրում է «Հայկական ժամանակ» թերթը` հղում անելով ՀՀ ԿԲ մամուլի ծառայությանը։

Արդյունքում, միջազգային պահուստները կշարունակեն համապատասխանել միջազգային պրակտիկայում արտարժութային պահուստներին ներկայացվող պահանջներին` ապահովելով ներմուծման մոտ չորս ամսվա ծածկույթ և կարճաժամկետ պարտավորությունների սպասարկման (մինչև 1 տարի) ավելի քան հինգ տարվա ծածկույթ։

Ըստ թերթի` կարգավորիչն ակնկալում է, որ ներհոսքերը 2015 թ.–ին կկազմեն շուրջ 510 մլն դոլար, որից շուրջ 300 մլն դոլարը ձևավորվել է եվրապարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում, իսկ մնացածը` շուրջ 210 մլն դոլարը, այլ արտաքին փոխառություններն են։ Այս ներհոսքը կզուգակցվի ընթացիկ տարում նախորդ երկու տարիների համեմատ արտաքին պարտքի սպասարկման բեռի զգալի (շուրջ 30 տոկոսով) կրճատմամբ։

Ինչպես գրում է թերթը, ակնկալվում է, որ ՀՀ ԿԲ–ի կողմից իրականացված վերջին միջոցառումները, որոնք ուղղված են առևտրային բանկերի կապիտալի համալրմանն ու արտարժութային միջոցների ներհոսքի խրախուսմանը, կհանգեցնեն ՀՀ ԿԲ–ում առևտրային բանկերի արտարժույթով հաշիվների աճի։

Ինչ վերաբերում է նախորդ տարվա ընթացքում ՀՀ միջազգային պահուստների նվազմանը (շուրջ 762 մլն ԱՄՆ դոլարին համարժեք), ապա դա արդյունք է մի շարք գործոնների, մասնավորապես` 2014 թ.–ի ընթացքում շարունակաբար նվազեցին ԿԲ–ում առևտրային բանկերի արտարժույթով թղթակցային հաշիվները մնացորդները (շուրջ 305 մլն դոլար), 2014 թ.–ի ընթացքում ՀՀ արտաքին պարտավորությունների սպասարկման հետևանքով պահուստները նվազել են շուրջ 260 մլն դոլարով, 2014 թ.–ին ԿԲ–ն հիմնականում վաճառել է արտարժույթ` ներքաշելով շուրջ 310 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որին նպատակն էր գնաճի զսպումը, գրում է «Հայկական ժամանակը»։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև