Հայաստանի տնտեսական աճն առաջիկա 2-4 տարիներին կարող է կազմել 3-3.5%. ԱՄՀ կանխատեսում

08.04.2015 18:10
Հայաստանի տնտեսական աճն առաջիկա 2-4 տարիներին կարող է կազմել 3-3.5%. ԱՄՀ կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱՄՀ–ն կանխատեսում է, որ հետագա 2-4 տարիներին Հայաստանի տնտեսությունը դանդաղ կվերականգնվի։ Հիմնադրամն ակնկալում է, որ ՀՆԱ աճը միջնաժամկետ հեռանկարում կկազմի 3-3.5 տոկոս, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ԱՄՀ հայկական առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը։

Ավելի վաղ ԱՄՀ–ն հայկական տնտեսության 4.5-5–տոկոսանոց աճ էր կանխատեսել միջնաժամկետ հեռանկարում։

Հորթոնը նշեց, որ Հայաստանում միջնաժամկետ ժամանակահատվածում տնտեսական աճի հեռանկարների վրա ազդում է Ռուսաստանի տնտեսական աճի` նվազման ուղղությամբ շտկված միջնաժամկետ հեռանկարը։

Հայաստանում նշված ժամանակահատվածում տնտեսական աճի ապահովման համար սահմանափակման գործոնների թվում նա նշեց պետական արտաքին պարտքի ավելի բարձր բեռը, ինչն անհրաժեշտ է դարձնում կառուցվածքային որոշ բարեփոխումների իրագործումը, մասնավորապես` տնտեսության բաց լինելը և ինտեգրումը։

«Դրանք բարդ միջոցառումներ են, որոնք վերջին մի քանի տարիներին համեմատաբար դանդաղ են իրականացվել, սակայն այսօր տնտեսական կտրուկ աճի անհրաժեշտությունից ելնելով` դրանց արդիականությունն աճում է»,– ասաց Հորթոնը։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի արտաքին պետական պարտքը 2014 թվականի վերջին կազմել է 3 785.2 մլն դոլար` 2013 թվականի համեմատ նվազելով 2.9 տոկոսով։

Հորթոնի խոսքով` կան նաև այլ գործոններ, որոնք կարող են դրական ազդել Հայաստանի տնտեսական աճի նախադրյալների վրա, որոնց թվում են` նավթի գների աճը և Ռուսաստանի տնտեսական ակտիվության աճը։

Նա նշեց նաև, որ Հայաստանի տնտեսության վրա դրական կարող է ազդել Իրանի և  միջազգային հանրության համաձայնագիրը, Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր փոփոխությունը, «թեև տվյալ ուղղությամբ կոնկրետ հաշվարկներ չեն կատարվել»։

ԱՄՀ թարմացված կանխատեսման համաձայն` Հայաստանում 2015 թվականի արդյունքներով, տնտեսական աճը մոտ է զրոյականի` տատանումների հավանականությամբ։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում ՀՆԱ աճը 2015 թվականին ծրագրված է 4.1 տոկոսի չափով, իսկ գնաճը ծրագրված է 4% (±1,5%) մակարդակում։

Բազմաթիվ միջազգային ֆինանսական կառույցներ վատացրել են հայկական տնտեսության աճի վերաբերյալ կանխատեսումները։ Այսպես, վերջին տվյալներով, ՀԲ–ն Հայաստանի տնտեսության 3.3–տոկոսանոց աճ է կանխատեսում Հայաստանում, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ճահճացում է կանխատեսում, Ասիական զարգացման բանկը` 1.6 տոկոսի աճ։ Միաժամանակ, իր վերջին տեսությունում Fitch վարկանիշային գործակալությունը կանխատեսել է Հայաստանի տնտեսության չափավոր հետընթաց Ռուսաստանի իրավիճակի վատացման հետևանքով, իսկ Moody’s գործակալությունը` հայկական տնտեսության 2.3 տոկոսանոց աճ։ Հայաստանի Կենտրոնական բանկը երկրի տնտեսական աճը գնահատում է 0.4-2 տոկոսի սահմաններում։

Հայաստանի տնտեսական աճը 2014 թվականին, Ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատականներով, կազմել է 3.4 տոկոս` ծրագրված 5.2 տոկոսի փոխարեն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև