Հայկական եվրապարտոմսերի հերթական թողարկումը բուֆերային գոտի է ստեղծել կառավարության համար. ԱՄՀ

08.04.2015 20:13
Հայկական եվրապարտոմսերի հերթական թողարկումը բուֆերային գոտի է ստեղծել կառավարության համար. ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական եվրապարտատոմսերի հերթական թողարկումը երկրի կառավարության համար բուֆերային գոտի կստեղծի տնտեսական աճի և հետագա պետֆինանսավորման անորոշության պայմաններում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ԱՄՀ հայկական առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը։

Հայաստանը 2015 թվականի մարտի 19–ին տեղաբաշխել է 500 մլն դոլարի 10 տարվա մարման ժամկետով, 7.5 տոկոս եկամտաբերությամբ երկրորդ թողարկման եվրապարտատոմսեր։ Թողարկման տեղաբաշխողներն էին` Deutsche Bank–ը, HSBC–ն և JP Morgan–ը։

Հորթոնի խոսքով, թողարկումը ժամանակին էր, իսկ ժամկետները շատ հաջող էին ընտրված, հատկապես, հաշվի առնելով ԱՄՆ–ի դաշնային պահուստային բանկի և Եվրոպական կենտրոնական բանկի որոշ հայտարարությունները։

Նա նշեց, որ ստացված միջոցների հաշվին պետությունը մարել է եվրապարտատոմսերի նախորդ թողարկման պարտքի մի մասը` դրանով իսկ մի փոքր թեթևացնելով ապագայում պարտքի բեռի կառուցվածքը։

Ինչ վերաբերում է տոկոսադրույքներին, ապա, ԱՄՀ հայկական առաքելության ղեկավարի կարծիքով, դրանք կարող էին ավելի ցածր լինել, թեև գրանցված տոկոսադրույքները չեն շեղվել շուկայում առկա օրինաչափություններից։

«Ամենակարևորը, որ տնտեսական աճի և հետագա պետֆինանսավորման անորոշության պայմաններում պետությունն իր համար որոշակի երաշխիքներ է ստեղծել»,– ասաց Հորթոնը։

Հայաստանը եվրապարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումից $487,84 մլն է ստացել։ Ստացված գումարի մոտ 205.8 մլն դոլարն ուղղվել է դեբյուտային պարտատոմսերի հետգնմանը և արժեկտրոնների վճարմանը, որոնց մարումն ի սկզբանե ծրագրված էր 2020 թվականին։ Բացի այդ, գործարքից ստացված միջոցներից 40 մլրդ դրամը ծրագրվում է ուղղել 2015 թվականի պետբյուջեի պակասուրդի մարմանը։

700 մլն դոլարի, 7 տարվա մարման ժամկետով և 6 տոկոս եկամտաբերությամբ հայկական առաջին եվրապարտատոմսերի թողարկումն իրականացվել է 2013 թվականի սեպտեմբերի 19–ին։ ($1 – 474,99 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև