ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված արտոնյալ վարկերի տրամադրման ծրագիր է սկսում

10.04.2015 15:41
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված արտոնյալ վարկերի տրամադրման ծրագիր է սկսում

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկում է արտոնյալ «Խնայող վարկերի» տրամադրման ծրագիր` էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման համար, ուրբաթ լրագրողներին ասաց բանկի գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

Նրա խոսքերով` վարկերը կտրամադրվեն սկսած 30 հազար դոլարից` մինչև 8 տարի ժամկետով։ Միաժամանակ նա չնշեց վարկի առավելագույն չափը։

Անդրեասյանը պարզաբանեց, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև վարկերի տրամադրման հնարավորություն, որոնց 10 տոկոսը կտրամադրվի դրամաշնորհի տեսքով։

«Մենք առավելագույն թվով փոխառուների հույս ունենք», – նշեց Անդրեասյանը` պարզաբանելով, որ վարկերը կտրամադրվեն էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված նախագծերի կամ բիզնես–գաղափարների համար։

Նա նշեց, որ «Խնայող վարկերը» կտրամադրվեն նաև որպես սպառողական և արտադրական։

Ապրիլի 10–ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ կազմակերպել է հանդիպում–քննարկում` հայ ձեռներեցների մասնակցությամբ, որը նվիրված է Հայաստանի գործարար միջավայրում էներգախնայող ծրագրերի և տեխնոլոգիաների ներդրմանը։

«Հիմա շատ արդիական են ոչ միայն արտադրական, այլ նաև ֆինանսական և այլ կազմակերպությունների կողմից էներգախնայողությանն ուղղված տարբեր միջոցառումները», – ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքերով` էներգախնայողությունը շահավետ է ոչ միայն բնապահպանական տեսակետից, այլ նաև ֆինանսների տնտեսման համատեքստում։

«Դրա միջոցով կարելի է տնտեսել բավականին մեծ գումար։ Մեր հաճախորդներին նմանատիպ ծրագրեր առաջարկելուց առաջ մենք ինքներս սկսեցինք դրանց ներդրումը մեր առօրյա կյանքում`մեր մասնաճյուղերում, մի քանի դպրոցներում և մանկապարտեզներում տեղադրելով արևային տաքացուցիչներ, քանի որ ցանկանում էինք սեփական օրինակով ցույց տալ և ապացուցել դրանց արդյունավետությունն ու հեռանկարային լինելը», – ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքերով` այս նախագծի շրջանակներում համաֆինանսավորման սկզբունքով համագործակցություն է հաստատվել Հարավ–Արևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև «Էներգակրեդիտ» հիմնադրամի հետ։

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ի ակտիվները 2014 թ.–ին կազմել են 286,4 մլրդ դրամ, պարտավորությունները` 237 մլրդ դրամ, կապիտալը` 49,37 մլրդ դրամ։ ($1 – 475,55 դրամ)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև