Եվս 5 երկիր միացել է AIIB–ին

13.04.2015 15:50
Եվս 5 երկիր միացել է AIIB–ին

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Եվս հինգ երկիր միացել է Չինաստանի կողմից ստեղծվող Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկին, այս մասին տեղեկացրել են Չինաստանի ֆինանսների նախարարությունից։ Նիդեռլանդներից, Բրազիլիայից, Ֆինլանդիայից, Վրաստանից և Դանիայից ստացված հայտերը պաշտոնապես բավարարվել են, հաղորդում է Vestifinance.ru–ն։

«Արդեն գործող հիմնադիր երկրների համաձայնությամբ Նիդեռլանդները, Բրազիլիան, Ֆինլանդիան, Վրաստանն ու Դանիան ապրիլի 12–ին պաշտոնապես դարձել են Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկի հիմնադիր երկրներ», – նշվում է Չինաստանի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկը (Asian Infrastructure Investment Bank, AIIB) ստեղծվել է 2014 թ.–ին Չինաստանի նախաձեռնությամբ։ Փորձագետները նշում են, որ այս բանկը ԱՄՆ–ում գտնվող ԱՄՀ–ի և ՀԲ–ի պոտենցիալ մրցակիցն է։ ԱՄՆ–ի ֆինանսների նախարարությունից արդեն զգուշացրել են, որ ՀԲ–ն և ԱՄՀ–ն կարող են կորցնել իրենց նկատմամբ ունեցած վստահությունը։

Հարկ է նշել, որ ենթակառուցվածքային բանկում մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը լրացել է մարտի 31–ին, իսկ մասնակիցների վերջնական ցուցակը կհրապարակվի ապրիլի 15–ին։ Չինաստանի ֆինանսների նախարարության հաղորդագրությունից դեռ հայտնի է միայն 46 երկրների մասին, որոնց թվում նշված չեն ԱՄՆ–ն և Ճապոնիան։

Բազմաթիվ փորձագետներ նշում են, որ մասնակիցների թվում գրեթե բոլորն ԱՄՆ–ի, այսպես կոչված, դաշնակիցներն են, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում «երես են թեքել» իրենց «առաջնորդից», ընդ որում այդպես են վարվել անգամ ամենահավատարիմ բարեկամները, օրինակ` Ավստրալիան։

Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկը ստեղծվել է 2014 թվականին` Չինաստանի նախաձեռնությամբ։ Նախորդ տարվա հոկտեմբերին բանկի հիմնադրման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել 21 երկիր։

Բանկի կենտրոնակայանը, որի նպատակն Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումն է, Պեկինում կգտնվի։ Կանոնադրական կապիտալը կկազմի 100 միլիարդ դոլար։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև