ԵԶԲ–ն շահագրգռված է Հայաստանի ագրոհատվածում և էներգետիկայի ոլորտում ծրագրերի իրականացմամբ

15.04.2015 20:39
ԵԶԲ–ն շահագրգռված է Հայաստանի ագրոհատվածում և էներգետիկայի ոլորտում ծրագրերի իրականացմամբ

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը շահագրգռված է ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, գյուղատնտեսության, լեռնահանքային արդյունաբերության և այլ հատվածներում ծրագրերի իրականացմամբ, հայտնեց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը չորեքշաբթի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Դմիտրի Պանկինը գոհունակությամբ է նշել, որ վերոնշյալ ոլորտներն առաջնահերթ են Հայաստանի տնտեսության համար։

ԵԶԲ վարչության նախագահը հայտնել է, որ նախօրեին Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է  «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (տրանշ 4) նախագծի ֆինանսավորման համար 150 մլն դոլարի ներդրումային վարկի տրամադրման վերաբերյալ համաձայնագիրը։

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ ստորագրված պայմանագրի շրջանակում միջոցները կուղղվեն ԵվրԱզԷս–ի հակաճգնաժամային հիմնադրամին։

Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում, շնորհավորել նրան Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պարոն Պանկինի փորձն ու գիտելիքները նոր խթան կհաղորդեն բանկի զարգացմանը:

Նախագահը բարձր է գնահատել բանկի գործունեությունը Հայաստանում և ընդգծել, որ մեր երկիրը շահագրգռված է խորացնելու համագործակցությունը ԵԶԲ հետ՝ քննարկելով Հայաստանի համար առաջնահերթ և հեռանկարային ծրագրերի իրագործմանը բանկի ներգրավվածության հնարավորությունները:

ՀՀ նախագահը և ԵԶԲ վարչության նախագահը երկուստեք նշել են, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նոր հեռանկարներ և բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստան-ԵԶԲ փոխգործակցությունը զարգացնելու համար:

Հայաստանում ԵԶԲ ընթացիկ ներդրումային պորտֆելը կազմում է 51.5 մլն դոլար, կուտակածը` 127.5 մլն դոլար։ Հայկական վեց բանկերի տրամադրվել են 89 մլն դոլարի նպատակային վարկային գծեր գերակա ուղղություններում նախագծերի ֆինանսավորման համար։

Եվրասիական զարգացման բանկը Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին հիմնված միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որն օժանդակում է անդամ պետությունների շուկայական էկոնոմիկայի զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։

ԵԶԲ կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար։ Բանկի անդամ պետություններն են` Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև