«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը հորդորում է խուսափել կեղծ ԱՊՊԱ վկայագրերից

16.04.2015 12:22
«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը հորդորում է խուսափել կեղծ ԱՊՊԱ վկայագրերից

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./ԱՌԿԱ/. «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը հայտարարություն է տարածել և հորդորել է ավտոմեքենաների սեփականատերերին խուսափել կեղծ ԱՊՊԱ վկայագրերից։

«ՀՀ Ճանապարհային ոստիկանության՝ ապրիլի 20-ից ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար տուգանքներ կիրառելու վերաբերյալ վերջին հայտարարության համատեքստում «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը հորդորում է բոլոր ավտոսեփականատերերին մինչև ապրիլի 19-ը ձեռք բերել ԱՊՊԱ վկայագրեր: Սակայն, քանի որ վերջին շրջանում հայտնաբերվել են կեղծ ԱՊՊԱ վկայագրերի վաճառքների դեպքեր, խնդրում ենք բոլորին պահպանել անվտանգության տարրական միջոցներ, որոնք թույլ կտան խուսափել խարդախություններից», – նշել են ընկերության մամուլի ծառայությունից։

«Եթե ձեռք եք բերում ԱՊՊԱ պայմանագիր գործակալներից, ապա օգտվե՛ք ծանոթ գործակալների ծառայություններից։ «Անծանոթ անձից վկայագիր ձեռք բերելու դեպքում անհրաժեշտ է լինել խիստ զգույշ: Տեղեկացնում ենք, որ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության բոլոր ապահովագրական գործակալները գրանցված են ՀՀ Կենտրոնական Բանկում և ունեն հաշվառման վկայական: Պետք է անպայման ստուգել նման անձանց մոտ վերոհիշյալ փաստաթղթի առկայությունը։ Եթե «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության գործակալ ներկայացող անձը չի ներկայացնում ԿԲ վկայական, ապա Ընկերությունը չի երաշխավորում նման գործակալից ձեռք բերված վկայագրի վավերականությունը», – նշված է հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ավելացել են անօրինական ճանապարհով ձեռք բերված բազաներով զանգահարելու և զեղչով ԱՊՊԱ պայմանագրեր վաճառելու փորձերը։ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը հիշեցնում է, որ ԱՊՊԱ օրենքով արգելված է տրամադրել զեղչեր՝ բացառությամբ անվթար վարելու համար նախատեսված բոնուսների», – նշել են ընկերությունից` հիշեցնելով, որ կեղծ ԱՊՊԱ վկայագրերը չեն գրանցվում էլեկտրոնային համակարգում, որի հիման վրա Ճանապարհային ոստիկանությունը կիրառում է տուգանքներ: «Հետևաբար, ձեռք բերելով ԱՊՊԱ վկայագիրն ընդամենը 2-3 հազար դրամ զեղչով, ավտոսեփականատերերը դիմում են տուգանք ստանալու ռիսկի, եթե պարզվի, որ վկայագիրը կեղծ է: Հիշեցնում ենք, որ ԱՊՊԱ վկայագիր չունենալու դեպքում յուրաքանչյուր 10 օրվա համար նշանակվում է 5,000 դրամ տուգանք, իսկ առանց ԱՊՊԱ պայմանագրի ավտոմեքենան վարելու համար՝ 100,000 դրամ», – նշվում է հաղորդագրության մեջ։

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008թ.–ի մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 4,5 միլիարդ դրամ:

Ընկերության խորհրդի կազմի մեջ են մտնում «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ»-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը:

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 47 գրասենյակներ, այդ թվում 18 մասնաճյուղ, 13 գրասենյակ Երևանում, և 34՝ Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքներում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև