Անելիք բանկի վարկային պորտֆելն 1–ին եռամսյակում աճել է 41.2%–ով` մինչև 62 մլրդ դրամ

30.04.2015 20:27
Անելիք բանկի վարկային պորտֆելն 1–ին եռամսյակում աճել է 41.2%–ով` մինչև 62 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Անելիք բանկի վարկային պորտֆելը 2015թ. մարտի 31-ի դրությամբ աճել է շուրջ 41,2%-ով և հասել ավելի քան 62 մլրդ ՀՀ դրամի, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

Անելիք բանկի ավանդային պորտֆելը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 24%-ով` զգալի աճ գրանցելով հատկապես ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելում` ավելի քան 30%:

2015թ. 1-ին եռամսյակում թողարկվել է 4,466 պլաստիկ քարտ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 12%-ով։

Ինչպես հայտնեց «Անելիք Բանկ» ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, 2015 թվականի առաջին եռամսյակը Անելիք բանկը փակել է բավականին լավ ցուցանիշներով, թե վարկային, թե ավանդային և թե քարտային ծառայությունների մասով:

Նա միաժամանակ ընդգծեց, որ հաճախորդների թվի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 40%` հասնելով ավելի քան 76 հազարի, ինչը բանկի նկատմամբ ավելացող վստահության լավագույն ապացույցն է:

«Այս տարի Անելիք բանկը նշում է հիմնադրման 25 ամյակը և այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է ունենալ շոշափելի ձեռքբերումներ։ Այսպես, 2014թ․ ավարտին Բանկի ավանդային պորտֆելը կազմել է 51,2 մլրդ ՀՀ դրամ, որից շուրջ 40 մլրդ ՀՀ դրամը ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդներն են: Ավելացել է նաև բանկի վարկային պորտֆելը` 2014 թվականի վերջի դրությամբ կազմելով շուրջ 60 մլրդ ՀՀ դրամ»,– ասաց նա։

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։

Բանկի ակտիվները 2015թ. 1-ին եռամսյակում կազմել են մոտ 87,1 մլրդ դրամ (տարեսկզբից աճը`  0,14%)), պարտավորությունները՝ 73,3 մլրդ դրամ (աճը` 0,88%), վարկային ներդրումները՝ 60,9  մլրդ դրամ, (աճը` 3,98%), հաճախորդների նկատմամբ պարտավորությունները`  47,7 մլրդ դրամ (աճը` 1,63%), (1 դոլարը` 476,42  դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև