06.05.2015 11:48
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ոչ առևտրային նպատակով ֆիզիկական անձանց անունով 2015 թ.–ի մարտին հանրապետություն է փոխանցվել ավելի քան 83,9 մլն դոլարի դրամական միջոց, որի ծավալը, 2014 թ.–ի մարտի համեմատ, նվազել է 33,2 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում։
Միաժամանակ ամսվա ընթացքում Հայաստան կատարված փոխանցումներն ավելացել են 23,2 տոկոսով։
2015 թ.–ի մարտին Հայաստանից արտերկիր կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է մոտ 32,2 մլն դոլար` 2014 թ.–ի մարտին գրանցված 31,2 մլն դոլարի դիմաց (ամսվա ընթացքում 20 տոկոսի աճ)։ Մուտքերի զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 51,7 մլն դոլար` 2014 թ.–ի մարտին գրանցված 94,4 մլն դոլարի դիմաց (ամսվա ընթացքում 25,4 տոկոսի աճ)։
Հայաստան փոխանցվող դրամական միջոցների ճնշող մասը բաժին է հասնում Ռուսաստանին` հանրապետություն կատարված մասնավոր փոխանցումների համախառն ծավալի 70,7 տոկոսը։
Ռուսաստանից հանրապետություն կատարված դրամական փոխանցումները մարտին, 2014 թ.–ի մարտի համեմատ, նվազել են 40,2 տոկոսով և կազմել մոտ 59,4 մլն դոլար (ամսվա ընթացքում 24,4 տոկոսի աճ), իսկ հանրապետությունից դեպի ՌԴ միջոցների արտահոսքն աճել է 19,7 տոկոսով և կազմել 16,9 մլն դոլար (ամսվա ընթացքում 3,8 տոկոսի աճ)։
Հայաստան կատարված դրամական փոխանցումները 2014 թ–ին նվազել են 7,5 տոկոսով` կազմելով 1,73 մլրդ դոլար կամ հանրապետության ՀՆԱ–ի 15,7 տոկոսը։ Նախորդ տարի գրանցված մասնավոր փոխանցումների նվազումը հիմնականում պայմանավորված էր ռուբլու արժեզրկման հետևանքով ռուսական դրամական փոխանցումների կրճատմամբ։ Ռուբլին 2014 թ.–ի սկզբից դոլարի նկատմամբ էժանացել էր ավելի քան 50 տոկոսով։
ԿԲ–ի գնահատականներով` ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 2015 թ.–ին կկրճատվեն 30 տոկոսով ($1 – 480,62 դրամ)։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: