Շուկայի անկման հետևանքով բիզնես–կենտրոնները զանգվածաբար նվազեցրին դրույքները

07.05.2015 11:47
Շուկայի անկման հետևանքով բիզնես–կենտրոնները զանգվածաբար նվազեցրին դրույքները

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Մոսկվայում մեկ տարվա ընթացքում գրասենյակների գները նվազեցին մեկ քառորդով, իսկ А դասի դատարկ տարածքների մասնաբաժինն ավելացավ` հասնելով 30 տոկոսի։ Վարձակալներն օգտվում են պահից, որպեսզի պայմանագիրն ավելի շահավետ պայմաններով վերակնքեն կամ գրասենյակն ավելի լավ տարբերակով փոխարինեն, հաղորդում է РБК–ն։

Colliers–ի տվյալներով` նախորդ տարվա գարնանը միջին դրույքաչափը կազմել է մեկ քառակուսի մետրի դիմաց տարեկան 760 դոլար, իսկ այժմ` 560 դոլար։ Միաժամանակ Մոսկվայում А դասի դատարկ տարածքների մասնաբաժինը ավելացել է` հասնելով 29 տոկոսի, իսկ B դասինը` 16,7 տոկոսի։ Այս ամենը թույլ է տալիս, որ վարձակալներն իրենց պայմանները թելադրեն։

Knight Frank–ի գրասենյակային տարածքների դեպարտամենտի կորպորատիվ հաճախորդների բաժնի տնօրեն Մարիա Զիմինայի խոսքով` А դասի գրասենյակների վարձակալների առնվազն 75 տոկոսը, որոնց պայմանագիրը կապված էր դոլարի փոխարժեքի հետ, 2015թ.–ի սկզբին դիմել են պայմանագրի պայմանները վերահամաձայնեցնելու համար, և մեծ մասին հաջողվել է։ Blackwood ընկերության տվյալներով` վարձակալության գործող պայմանագրերի ժամկետների երկարացումը կամ վերանայումը վերաբերել է 2015թ.–ի առաջին եռամսյակում Մոսկվայում որակյալ գրասենյակների վարձակալության բոլորի պայմանագրերի 76 տոկոսին, ըստ Knight Frank–ի` 86 տոկոսին։

Ամենախոշոր ընկերությունը, որը որոշել է տնտեսել գրասենյակների վարձակալման հարցում, «Սբերբանկ Ռոսիի» ԲԲԸ–ն է։ Ապրիլի վերջին ռուսական խոշորագույն բանկը հայտարարեց, որ մտադիր է վերանայել իր բաժինների վարձակալման պայմանագրերը` 20 տոկոսով նվազեցնելով վարձակալության ծախսերը։ Սբերբանկը մտադիր չէ երկար բանակցություններ վարել կամակոր վարձատուների հետ։ Ընկերությունն արդեն դադարեցնում է շուրջ 177 պայմանագիր, որոնց հարցում չի հաջողվել ավելի շահավետ պայմանների շուրջ պայմանավորվածության հասնել։

«Ռոստելեկոմին» ևս հաջողվել է բարելավել վարձակալման պայմանները։ Մարտի վերջին չեխական PPF–ը, որը Comcity բիզնես կենտրոնի սեփականատերն է, հայտարարեց, որ իր ռուսական «դուստրը»` «Անտեմոնա Լիմիթեդ» ՍՊԸ–ն, օպերատորի հետ վարձակալման նոր պայմանագիր է կնքել։ Ինչպես հաղորդում էր «Կոմերսանտը», ըստ նոր պայմանների` «Ռոստելեկոմին» հաջողվել է վարձակալության դրույքը համաձայնեցնել տարեկան մեկ քառակուսի մետրի դիմաց 14,9 հազար ռուբլու չափով, այս գումարին ավելանում է նաև ԱԱՀ–ն (առաջնային գնից 8 տոկոս ցածր)։ Օպերատորը բիզնես կենտրոնում զբաղեցնում է 48,13 հազար քառակուսի մետր տարածք։

Mail.ru Group–ին ևս հաջողվել է փոխել վարձակալման պայմանագրի պայմանները, ընկերությունը վարձակալում է մոտ 30 հազար քմ տարածք Sky Light բիզնես կենտրոնի աշտարակներից մեկում։ Առաջին եռամսյակում ընկերությանը հաջողվել է պայմանագրում փոխարժեքը արձանագրել մեկ դոլարի դիմաց 50 ռուբլու չափով (ավելի վաղ սակագինը հաշվարկվում էր ԿԲ–ի փոխարժեքով, որն այդ պահին շատ ավելի բարձր էր), РБК–ին նշել է ընկերությանը մոտ կանգնած աղբյուրը։ Միաժամանակ պայմանագրի ժամկետը չի փոխվել (մինչև 2020թ.)։

Խոշոր, այդ թվում նաև միջազգային ընկերությունները ևս կարողացել են վերակնքել կամ ավելի շահավետ պայմաններով երկարացնել պայմանագրի ժամկետները։ Միայն այս տարի «Ռուսֆինանս» բանկը վերակնքել է «Սիթիդել» բիզնես կենտրոնում 6,6 հազ. քմ տարածքի վարձակալման պայմանագիրը` «ընթացիկ կոմերցիոն պայմանների օպտիմալացման» հնարավորությամբ, իսկ GroupM միջազգային գովազդային խումբն ավելի շահավետ պայմաններով (դրանք գաղտնի են պահվում) վերակնքել է «Լեգանդա» բիզնես կենտրոնում 10,8 հազ. քմ տարածքի վարձակալման պայմանագիրը։ ING Bank–ը երկարացրել է «Ամբեր Պլազա»–ում 6 հազար քմ–ի վարձակալման պայմանագիրը, Volkswagen–ը` «Կրուգոզորում» 8,8 հազար քմ–ի վարձակալման պայմանագիրը, Boeing–ը` Մոսկվայի բիզնես կենտրոններից մեկում 5,8 հազար քմ–ի վարձակալման պայմանագիրը, Nokia Networks–ը` «Ֆաբրիկա Ստանիսլավսկոգո» բիզնես կենտրոնում 5,4 հազար քմ–ի վարձակալման պայմանագիրը։

Պայմանագրի վերանայման ժամանակ զեղչը հիմնականում կազմում է 3–10 տոկոս, սակայն որոշ դեպքերում հաջողվել է հասնել ընդհանուր արժեքի նվազման տասնյակ տոկոսներով` 23 տոկոսից մինչև 51 տոկոս, նշում է Knight Frank–ի ներկայացուցիչ Մարիա Զիմինան։

«Սեփականատերերը մեծ ցանկությամբ են ընդառաջում վարձակալին, որը միաժամանակ կարող է մեծ դերակատարություն ունենալ իր գործարար համալիրի համար», – նշում է Blackwood–ի կառավարիչ գործընկեր Կոնստանտին Կովալյովը։ Նա ներկայացնում է վարձակալման ծախսերի օպտիմալացման ևս մի օրինակ։ Նրա խոսքով` Enter մանրածախ ցանցը (այն կապ ունի «Սվյազնոյ» բջջային կապի սրահների ցանցի հետ) կարողացել է 48 տոկոսով նվազեցնել վարձակալման ծախսերը ընթացիկ պայմանագրերով վարձակալման դրույքների նվազման հաշվին։

«Նախորդ տարվա վերջին գրանցված ռուբլու կտրուկ անկումից հետո սեփականատերերը ստիպված էին զիջումներ անել գրասենյակների վարձակալների համար` նրանց տեղափոխումից և բացասական ազդեցությունից խուսափելու համար, որն առաջանում է տարածքների անգործության պատճառով», – նշում է Colliers International–ի ռուսական գրասենյակի կառավարիչ գործընկեր Նիկոլայ Կազանսկին։

Վերջին տարվա ընթացքում կոմերցիոն պայմանների երկարացման և վերանայման գործարքների ծավալն ընդհանուր առմամբ կազմել է 223 հազար քմ, որից 86,7 հազ. քմ–ն բաժին է ընկել 2015թ.–ի առաջին եռամսյակին, ևս 80 հազ. քմ–ն` 2015թ.–ի հոկտեմբեր–դեկտեմբերին, նշում է CBRE գլոբալ կորպորատիվ ծառայությունների բաժնի տնօրեն Իրինա Խորոշիլովան։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև