Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը Հաղթանակի 70-ամյակին նվիրված ակցիա է անցկացրել

11.05.2015 12:09
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը Հաղթանակի 70-ամյակին նվիրված ակցիա է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անցկացրեց «Հաղթանակի դեմքեր» խորագրով ակցիան` նվիրված Հաղթանակի 70-ամյակին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ակցիայի շրջանակում բանկի աշխատակիցները ներկայացրել են իրենց ընտանեկան արխիվներում պահպանված`այդ տարիների լուսանկարները, փաստաթղթերը կամ սերնդեսերունդ փոխանցված պատմությունները:

Ինչպես նշել է ակցիայի նախաձեռնող` գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան, ակցիայի ընթացքում նա ծանոթացել է պատերազմի  մասնակիցների բազմաթիվ լուսանկարներին ու պատմություններին։

Մարկովայի խոսքով` բանկի ինտերնետային կայքի բլոգի համար նյութեր հավաքագրելիս բացահայտել է մի հետաքրքիր փաստ. բանկի աշխատակիցների պապիկներից շատերը մասնակցել են Կերչի ազատագրմանը։

«Ինքս ինձ հարցրի` գուցե մեր պապերը ճանաչե՞լ են միմյանց, կերել են մի թասից, միասին կռվել են խրամատներում: Ավաղ, մենք էլ չենք իմանա դրա մասին` նրանք այլևս ողջ չեն: Ուրախությանս սահման չկար, երբ իմացա, որ մեր պապիկներից մեկն այժմ ողջ է, և այս ամիս կլրանա նրա 90-ամյակը: Մենք, իհարկե, շնորհավորեցինք մեր վետերանին և բանկի ամբողջ անձնակազմի կողմից նվեր հանձնեցինք: Այժմ նա մեր բոլորի պապիկն է», – ասել է նա։

Մարկովան տեղեկացրել է, որ վետերանի անունն է Ավետիք Սիմոնյան, ծնվել է 1925 թվականի մայիսի 21-ին Երևան քաղաքում: 1943 թվականին 18 տարեկան հասակում նա մեկնել է ճակատամարտ: Երևանի թիվ 174 հրաձգային գումարտակի կազմում կռվել է Ղրիմում, Աստրախանում, Կալմիկիայում: Հետագայում` Առաջին ուկրաինական ճակատի կազմում հասել է մինչև ռումինա–մոլդովական սահմանը, մասնակցել Կարպատների ազատագրմանը:

«Այստեղ էլ մարտի ընթացքում վիրավորվել և երկար ժամանակ մնացել է անգիտակից վիճակում: Նրան գտել ու փրկել է զինակից և համերկրացի Մեխակ Բեջանյանը, ով իր ուսերի վրա ընկերոջը հասցրել է մինչև հոսպիտալ, և ում շնորհիվ Ավետիք պապիկը մինչ օրս ապրում է` իր ընտանիքի հետ տոնելով Մեծ հաղթանակի տոնը: Խոսքս ուղղում եմ երիտասարդ սերնդին` հավաքեք ամեն ինչ ձեր պապերի և նախապապերի մասին: Թեև նրանցից շատերը այլևս ողջ չեն, նրանք միշտ կապրեն ձեր` որպես Մեծ հայրենական պատերազմում հաղթանակած վետերանների ժառանգների սրտերում», – ասել է Մարկովան։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» խոշորագույն ռուսական բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև