ՎԶԵԲ-ը Հայաստանին $4 մլն. վարկ կտրամադրի Երևանի քաղաքային լուսավորության համար

11.05.2015 16:51
ՎԶԵԲ-ը Հայաստանին $4 մլն. վարկ կտրամադրի Երևանի քաղաքային լուսավորության համար

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանին $4 մլն. վարկ կտրամադրի` Երևանի քաղաքային լուսավորության ծրագրի իրականացման համար,  հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

«Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային, ծրագրի և ծրագրի աջակցության համաձայնագրերը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին։

Վարկը տրամադրվում է մինչև 10 տարի մարման ժամկետով, որից 3 տարին՝ արտոնյալ ժամկետով:

Պիլոտային ծրագրի հիմնական նպատակը Երևանում էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց ունենալն է: Ծրագրի շրջանակում, մասնավորապես, նախատեսվում է մայրաքաղաքի 28 փողոցներում հենասյուների փոխարինում, մալուխների ստորգետնյա անցկացում, էներգախնայող լամպերի օգտագործում, ինչպես նաև՝ կառավարման ավտոմատացված համակարգի ներդրում:

Պիլոտային ծրագրի կապիտալ ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է 6 մլն ԱՄՆ դոլար: Հաշվի առնելով ծրագրի էներգախնայող բնույթը` նախատեսվում է «Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից» ստանալ 2 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհային միջոցներ:

Միաժամանակ, ՎԶԵԲ-ը պատրաստակամություն է հայտնել խորհրդատվական ծառայությունների համար ՎԶԵԲ-ի տեխնիկական աջակցության դրամաշնորհային ֆոնդերից հատկացնել մինչև 1 մլն ԱՄՆ դոլար միջոցներ:

ՎԶԵԲ-ը Հայաստանում ամենախոշորներ դրողներից մեկն է: 1992թ. –ի Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր Բանկը ներդրել է ավելի,քան 650 մլն եվրո 133 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում, ընդ որում` մասնավոր հատվածում ներդրումները կազմել են 87 տոկոս:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև