ԿԲ–ն որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%

12.05.2015 21:40
ԿԲ–ն որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ խորհուրդը երեքշաբթի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%, հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

2015թ.–ի ապրիլին արձանագրվել է 0.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 4.8%:

Փաստացի զարգացումների համաձայն արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները, ինչի պարագայում հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում պահպանվել է գնանկումային միջավայրը։ Ելնելով այդ զարգացումներից՝ ԿԲ խորհուրդը գտնում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից ակնկալվում են գնանկումային ազդեցություններ:

Խորհուրդն արձանագրել է, որ առաջին եռամսյակի ընթացքում դիտվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.5% աճ՝ պայմանավորված կանխատեսվածի համեմատ գյուղատնտեսության ճյուղի ավելի բարձր աճով և շինարարության ճյուղի ավելի քիչ անկմամբ:

«Գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումների ներքո կդիտվի նաև պարենային ապրանքների գների սեզոնային ավելի մեծ նվազում: Մյուս կողմից գնահատվում է, որ առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման արդյունքում վերոնշյալ գնանկումային ազդեցությունները կչեզոքանան, և վերաֆինանսավորման տոկոսադրույքի ներկայիս մակարդակը հնարավորություն կտա 12-ամսյա գնաճը մինչև տարեվերջ կայունացնել նպատակային  ցուցանիշի շուրջ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հետագայում, տնտեսական զարգացումներին զուգընթաց, ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

ՀՀ ԿԲ–ն վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխել է 2015 թ.–ի փետրվարի 10–ին` 9,5 տոկոսից դարձնելով 10,5 տոկոս։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև