Հայ պատգամավորները մերժել են բանկերի կազմակերպաիրավական ձևը փոխելու նախագիծը. թերթ

13.05.2015 15:37
Հայ պատգամավորները մերժել են բանկերի կազմակերպաիրավական ձևը փոխելու նախագիծը. թերթ

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ պատգամավորները բացասական եզրակացություն են տվել պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագծին։ Բագրատյանն առաջարկում է փոխել բանկերի կազմակերպաիրավական ձևը, և նրանց պարտավորեցնել դառնալ բաց բաժնետիրական ընկերություններ՝ ԲԲԸ, գրում է «Ժամանակ» թերթը։

Ինչպես հաղորդում է հրատարակությունը, Բագրատյանի առաջարկին կողմ էին հեղինակը, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, ՕԵԿ ներկայացուցիչ Լևոն Դոխոլյանը, իսկ դեմ էին ՀՀԿ-ն ներկայացնող չորս պատգամավորներ` հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի գլխավորությամբ:

Միաժամանակ Բագրատյանը համարում է, որ բանկերը բաց բաժնետիրական ընկերությունների վերափոխելու դեպքում հնարավոր կլինի դրանց գործունեությունը դարձնել թափանցիկ: Բացի այդ, բաց բաժնետիրական ընկերության բանկերը կգնանշվեն և նրանց բաժնետոմսերը բորսայում կհանվեն վաճառքի, ինչի շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե որ բանկերն են արդյունավետ աշխատում, իսկ վատ վիճակում գտնվող բանկերն ուղղակի կսնանկանան:

«Հիմա Հայաստանում խնայողությունները պահելու միայն մի ձև կա. բանկային դեպոզիտները, պարզ ասած` ավանդները, մինչդեռ, եթե բանկերը դառնան բաժնետիրական ընկերություններ, մարդիկ իրենց խնայողությունները կարող են ներդնել բանկերի բաժնետոմսերի մեջ, դրանով համալրելով բանկերի կապիտալը», – կարծում է Բագրատյանը։

Նրա խոսքերով` 15 տարի է ֆինանսական  շուկայում մեռելային կայունություն է..., և ԿԲ–ն «ապահովում է կեղծ կայունություն, կեղծ այն իմաստով, որ պետական միջոցներն օգտագործում է մասնավոր բանկերի սնանկացումը թույլ չտալու և համակարգն արտաքուստ կայուն պահելու համար»։ Մինչդեռ, նորմալ տրամաբանությունը ենթադրում է, որ վատ մենեջմենթ ունեցող բանկերը պետք է սնանկանան և դուրս գան շուկայից։

Ինչպես գրում է թերթ,  ամենակարևոր խնդիրը, որ ուզում է լուծել Բագրատյանը բանկերը ԲԲԸ դարձնելու միջոցով, Հայաստանից կապիտալի արտահոսքի կանխումն է: «Եթե նախկինում կապիտալի արտահոսքը երկրից կազմում էր 50-100 միլիոն դոլար տարեկան, ապա այսօր եկել հասել ենք նրան, որ այդ թիվը անցնում է 700 միլիոնը: Դրա պատճառն այն է, որ նույնիսկ նրանք ովքեր Հայաստանում փող են աշխատում, և փողի ավելցուկ ունեն, չգիտեն, թե որտեղ ներդնեն իրենց աշխատած միջոցները», – նշում է Բագրատյանը։

Ըստ թերթի` օրինագծի հակառակորդներն իրենց որոշումը հիմնավորեցին նրանով, թե չի կարելի ստիպել մասնավոր ընկերությանը, ինչպիսին բանկն է, փոխել իր կազմակերպաիրավական ձևը։ Բայց ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրեց մի հակափաստարկ, որն ուղղակի երկաթյա է: Նրա խոսքերով` եթե բանկերը պետք է  բաց բաժնետիրական դառնան, որպեսզի բաժնետոմսեր թողարկեն և դրա միջոցով լրացուցիչ կապիտալ ներգրավվեն, դրա համար նրանք նախ պետք է ունենան այդ կապիտալի անհրաժեշտությունը։ Եթե չկա կապիտալի անհրաժեշտություն, ապա դրա ավելցուկը ոչ թե կնպաստի բանկերի գործունեության արդյունավետության մեծացմանը, այլ ճիշտ հակառակ ազդեցությունը կունենա:

«Իսկապես, եթե բանկերը լրացուցիչ կապիտալի կարիք ունենային, ապա իրենք պետք է շահագրգիռ լինեին բաժնետոմսեր թողարկելու և կապիտալ ներգրավելու մեջ: Բայց որտեղ ներդնել այդ կապիտալը, որ այն եկամուտով աշխատի: Հայաստանի վարկառուների մեծամասնությունը չի կարողանում վերադարձնել վարկերը և բանկերը չգիտեն, թե ինչ անեն արդեն տրված վարկերը վերադարձնելու համար, ուր մնաց որ շահագրգռված լինեն նոր վարկեր տրամադրելու համար: Այս խոստավանությունը նշանակում է, որ Հայաստանը տնտեսություն չունի, որովհետև միայն տնտեսության բացակայության դեպքում է, որ բանկերը չգիտեն, թե ինչ անեն իրենց ունեցած գումարները», գրում է «Ժամանակ» թերթը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post