ՎՏԲ-Հայաստան բանկի ֆինանսավորմամբ բացվել է «Էկոտոմատո» ընկերության նոր ջերմոցը

18.05.2015 13:18
ՎՏԲ-Հայաստան բանկի ֆինանսավորմամբ բացվել է «Էկոտոմատո» ընկերության նոր ջերմոցը

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկի օժանդակությամբ ՀՀ Կոտայքի մարզում ուրբաթ բացվել է «Էկոտոմատո» ընկերության` հոլանդական վարդերի աճեցման նոր ջերմոցը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` ընկերության առաջին երկու ջերմոցները կառուցվել են 2011 և 2012թթ., և ջերմոցային տնտեսության մակերեսն ընդլայնելու նպատակով բացվել է երրորդ ջերմոցը 3 հա մակերեսով, որը նույնպես նախատեսված է վարդերի աճեցման համար:

Ջերմոցի հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, երկրի բիզնես շրջանակների ներկայացուցիչներ:

Ինչպես նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, բանկը ջերմոցային տնտեսությունները ֆինանսավորելու լավ փորձ ունի։

««Էկոտոմատո» ընկերությունը Հայաստանի` վարդերի աճեցման շուկայում առաջատար է և ունի մի շարք առավելություններ, մասնավորապես տնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու բնագավառում, և մեր համագործակցությունը կրելու է երկարատև բնույթ», – ասել է նա`վստահություն հայտնելով, որ ընկերությունը կանգ չի առնի իր ունեցած ձեռքբերումների վրա և կշարունակի ընդլայնել իր գործունեությունը։

«Էկոտոմատո» ՓԲԸ–ի տնօրեն Արսեն Սանդոյանի խոսքով` ընկերությունը ՀՀ ջերմոցային տնտեսությունների շուկայում աշխատում է արդեն մի քանի` տարեցտարի ընդլայնելով արտադրությունը։

«Թվով երրորդ ջերմոցի բացումը թույլ կտա մի քանի անգամ ավելացնել արտադրանքի ծավալը, և դա շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ բազմամյա համագործակցության: Բանկից ստացված ֆինանսավորումն ուղղվել է ջերմոցի կառուցմանն ու հատուկ սարքավորումների ձեռքբերմանը», – ասել է նա։

«Էկոտոմատո» ՓԲԸ–ն զբաղվում է վարդերի աճեցմամբ 2011թ.-ից, ընկերության ջերմոցները կառուցված են Dalsem հոլանդական ընկերության հետ համատեղ: Այսօրվա դրությամբ ջերմոցում աճեցվում է հոլանդական վարդերի 15 տեսակ, սակայն ընկերությունը ծրագրում է ընդլայնել տեսականին: Ջերմոցներում կատարվում է բոլոր գործընթացների ավտոմատ կարգավորում, արհեստական լուսավորություն, ներդրված է ոռոգման կաթիլային համակարգ, այսինքն` ապահովված են հոլանդական վարդերի աճեցման համար անհրաժեշտ պայմաններ: «Էկոտոմատոի» արտադրանքն առանձնանում է իր բարձր որակական հատկանիշներով և իրացվում է Հայաստանում, արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Բելառուս, Նիդեռլանդներ, Շվեդիա:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև