ԴՊՀ–ն պատրաստ չէ հունիսին բարձրացնել տոկոսադրույքները

21.05.2015 13:12
ԴՊՀ–ն պատրաստ չէ հունիսին բարձրացնել տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավարությունը կասկածում է, որ հունիսի նիստին անհրաժեշտ կլինի բարձրացնել տոկոսադրույքները։

ԴՊՀ–ի` ապրիլի 28–29–ն անցկացված նիստի վերաբերյալ հրապարակումները լույս են սփռել Բաց շուկայի դաշնային կոմիտեում (Federal open market committee, FOMC) տեղի ունեցած բանավեճի վրա, որը վերաբերել է ԱՄՆ–ի դրամական քաղաքականության հետագա զարգացմանը։

Բաց շուկայի դաշնային կոմիտեի անդամներին (FOMC) չափազանց մտահոգել է առաջին եռամսյակում ԱՄՆ տնտեսության կտրուկ դանդաղումը։ Տոկոսադրույքները բարձրացնելուց առաջ նրանք կցանկանային համոզվել, որ ՀՆԱ–ի աճի տեմպերը կվերականգնվեն, գործազրկությունը կշարունակի նվազել, իսկ գնաճն աստիճանաբար կհասնի ԴՊՀ–ի թիրախային մակարդակին` 2 տոկոս։ Ըստ արձանագրությունների` FOMC–ի միայն մի քանի անդամներն են կողմ հունիսի նիստի ժամանակ տոկոսադրույքների բարձրացմանը։ Որոշներն ակնկալում են, որ մինչև հունիսի նիստը ստացված տեղեկատվությունը կվկայի տնտեսության հեռանկարների բավարար լավացման մասին, որպեսզի Բաց շուկայում գործառնությունների կոմիտեն գա այն եզրահանգման, որ գոյություն ունեն քաղաքականության խստացման համար անհրաժեշտ պայմաններ։

Այնուամենայնիվ, նիստի բազմաթիվ մասնակիցներ քիչ հավանական են համարել այն փաստը, որ մինչև հունիս ստացվող տվյալները բավարար կլինեն, որպեսզի տոկոսադրույքների բարձրացման պայմանները բավարարվեն։ Ընդհանուր առմամբ նրանք չեն բացառում նման հնարավորությունը։ Հարկավոր է նաև նշել, որ ԴՊՀ–ում մտահոգված են դոլարի շարունակվող ամրապնդմամբ և կարծում են, որ այդ գործընթացի կապակցությամբ բացասական ազդեցությունն առաջիկայում կարող է ուժեղանալ։

Մի շարք մասնակիցներ ենթադրել են, որ դոլարի ավելի վաղ ամրապնդման հետևանքով զուտ արտահանման վրա և նավթի գների ավելի վաղ նվազման հետևանքով ընկերությունների ներդրումային ծախսերի վրա բացասական ազդեցությունը կարող է պահպանվել կանխատեսվածից ավելի երկար։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև