Հայաստանում հիփոթեքային վարկերի արտոնությունների մեխանիզմները կպարզեցվեն. վարչապետ

21.05.2015 17:33
Հայաստանում հիփոթեքային վարկերի արտոնությունների մեխանիզմները կպարզեցվեն. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի կառավարության նիստում հանձնարարել է պարզեցնել «Եկամտահարկի մասին» օրենքով նախատեղված հիփոթեքային արտոնությունների տրամադրման կարգը։

Վարչապետը հիշեցրել է, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Եկամտային հարկի մասին» օրենքի փոփոխությունները, որոնց համաձայն բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար ստացված հիպոթեքային վարկի սպասարկման տոկոսներն ըստ էության վճարում է պետությունը՝ դրանով իսկ նվազեցնելով վարկառու անձանց ֆինանսական բեռը:

Կառավարության ղեկավարը նաև շեշտել է, որ այս փոփոխությամբ գործադիրը երկու կարևոր խնդիր է լուծել՝ աջակցել քաղաքացիներին, որպեսզի նրանք մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերեն և նպաստել շինարարության ոլորտի ակտիվացմանը:

«Ուստի ցանկալի է, որ հնարավորինս շատ մարդ օգտվի այս արտոնությունից»,– ասել է Աբրահամյանը։

Հովիկ Աբրահամյանն այնուհետև հավելել է, որ ներկայումս քաղաքացիներից ահազանգեր են հնչում, որ գործընթացը բավական բարդ է, մեխանիզմները՝ ոչ այնքան հասկանալի, ինչը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում օրենքի ընձեռած հնարավորությունից օգտվողների համար:

Վարչապետը ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարել է կարճ ժամկետում ուսումնասիրել հասարակության արծարծած հարցադրումները՝ հաստատված մեխանիզմներն առավելագույնս պարզեցնելու համար և գործընթացի ավարտից հետո պատշաճ կարգով իրազեկել հանրությանը:

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները 2014 թվականի նոյեմբերի 20–ին ընդունել են հարկային օրենսդրության լրացումների փաթեթ, որը հարկերից ազատում է սահմանամերձ գյուղական շրջանների ընկերություններին։ Օրենսդրական փոփոխությունների նպատակը տնտեսական ակտիվության բարձրացումն է սահմանամերձ գյուղական շրջաններում, գործարար միջավայրի և ներդրումային գրավչության բարելավումն է։

Լրացումների փաթեթով նաև նախատեսվում է, որ հիփոթեքով բնակարանի գնման դեպքում Հայաստանի քաղաքացիները կարող են դիմել պետությանը հիփոթեքային տոկոսները նրանց կողմից վճարվող եկատմահարկի հաշվին մարելու վերաբերյալ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև