Հայաստանում ներգրավված միջազգային վարկերի օգտագործման արդյունավետությունը կկարգավորվի օրենսդրորեն

25.05.2015 14:46
Հայաստանում ներգրավված միջազգային վարկերի օգտագործման արդյունավետությունը կկարգավորվի օրենսդրորեն

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Ներգավված միջազգային վարկերի օգտագործման արդյունավետության նկատմամբ վերահսկողությունը կտեղափոխվի օրենսդրական դաշտ, երկուշաբթի խորհրդարանի 2014 թ.–ի պետբյուջեի կատարողականի քննարկման ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքերով` պատգամավորներն այս պահին քննարկում են համապատասխան օրենսդրական առաջարկները։

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր վարկում զգալի միջոցներ են նախատեսված, որոնք ուղղվում են խորհրդատվական ծառայություններին, սակայն դրանց մասնաբաժինը վարկի ընդհանուր ծավալում բավականին բարձր է և լուրջ վերահսկողության կարիք ունի, որը կարելի է ապահովել միայն օրենսդրական ճանապարհով», – ասաց Զոհրաբյանը։

Ինչպես կարծում է պատգամավորը, նման մոտեցումը թույլ կտա կրճատել կոռուպցիոն ռիսկերն ու բարձրացնել վարկավորման արդյունավետությունը։

ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանի արտաքին պետական պարտքը 2014 թ.–ի վերջին կազմել է 3 785,2 մլն դոլար` 2013 թ.–ի համեմատ նվազելով 2,9 տոկոսով։ Արտաքին պետական պարտքի մոտ 68,8 տոկոսը կամ 2 604,6 մլն դոլարը բաժին է հասնում բազմակողմանի վարկերին։

Հայաստանին տրամադրված բազմակողմանի վարկերի կառուցվածքում ճնշող մեծամասնությունը բաժին է հասնում ՀԲ–ի վարկերին` մոտ 42,5 տոկոս կամ 1 609,1 մլն դոլար (1,5 տոկոսի աճ)։ ՎԶԵԲ–ի վարկերը 2014 թ.–ի արդյունքում կազմել են մոտ 21,3 մլն դոլար, Եվրոպական ներդրումային բանկի վարկերը` 44,6 մլն դոլար, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի վարկերը` 62,8 մլն դոլար, ՕՊԵԿ–ինը` 34,5 մլն դոլար, Ասիական զարգացման բանկի վարկերը` 311 մլն դոլար, ԱՄՀ–ինը` 442 մլն դոլար և ԵՄ–ի վարկերը` 79 մլն դոլար։

Երկկողմանի վարկերը կազմել են 504,16 մլն դոլար` նվազելով 8,1 տոկոսով։ Երկկողմանի վարկերի կառուցվածքում պարտքերի հիմնական մասը բաժին է հասնում Ճապոնիայի վարկերին (JICA)` 252,5 մլն դոլար և Գերմանիայի վարկերին (KfW)` 211,9 մլն դոլար։ ԱՄՆ–ի կողմից տրամադրված վարկերը կազմել են 25,3 մլն դոլար, Ֆրանսիայի տրամադրած վարկերը` 8,7 մլն դոլար և Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի վարկերը` 5,7 մլն դոլար։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև