Հայաստանի տնտեսական աճն I եռամսյակում կկազմի 2,1-2,5%. ԿԲ կանխատեսում

26.05.2015 12:23
Հայաստանի տնտեսական աճն I եռամսյակում կկազմի 2,1-2,5%. ԿԲ կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի տնտեսական աճն առաջին  եռամսյակում կկազմի 2,1-2,5%։Այդ մասին ասվում է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի հիման վրա գնաճի վերաբերյալ 2015 թվականի երկրորդ եռամսյակի և առաջին եռամսյակում ԴՎՔ ծրագրի կատարման հաշվետվությունում։

Հաշվետվության համաձայն` 2015 թ.  առաջին  եռամսյակում ներքին  պահանջարկը կանխատեսվածի  համեմատ  փոքր-ինչ  ավելացել  է՝ ի  հաշիվ մասնավոր սպառման ավելի  քիչ  նվազման,  այն  դեպքում, երբ ներդրումային ակտիվությունը համահունչ  է  եղել  ակնկալվող  ցածր  մակարդակին՝ հիմնականում  պայմանավորված շինարարության  ոլորտի թույլ  ակտիվությամբ,  ձեռնարկություններին  տրամադրված  վարկավորման ծավալների աճի տեմպերի դանդաղմամբ:

Արդյունքում գնահատվում է,  որ 2015 թ. առաջին  եռամսյակում նախորդ  տարվա  նույն  ժամանակահատվածի համեմատ, մասնավոր սպառմանն  ուղղված  ծախսերը կնվազեն 1.3% - ով,  իսկ մասնավոր ներդրումները՝  7.4%-ով:

«Համախառն  պահանջարկի  վրա նշված  գործոնների  բացասական  ազդեցությունը  որոշ  չափով  մեղմվել  է  նախորդ  տարվա ընթացքում իրականացված  ընդլայնողական  հարկաբյուջետային  և  դրամավարկային  քաղաքականությունների  լագային  ազդեցությամբ»,– ասվում է հաշվետվությունում։

Առաջարկի  տեսանկյունից   արձանագրված   տնտեսական   փոքր-ինչ  բարձր   ակտիվությունը պայմանավորվել  է գյուղատնտեսության ճյուղի
թողարկման ծավալների՝  ակնկալվածից  բարձր  աճով և  շինարարության ճյուղի ավելի  քիչ  նվազմամբ:

ԿԲ–ի տվյալներով` արդյունաբերական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 2 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը` 4.5 տոկոսով, շինարարության ծավալը` 0.8 տոկոսով, ծառայությունների ծավալը` 3.9 տոկոսով, իսկ առևտրի ծավալը կրճատվել է 6.4 տոկոսով։ Արդյունքում առաջին եռամսյակի տնտեսական ակտիվությունը կազմել է 2.5 տոկոս։

Նշվածի  ներքո 2015  թ առաջին  եռամսյակի տնտեսական աճը գնահատվում է 2.1 - 2.5% միջակայքում:

Կարգավորիչը միաժամանակ բարելավել է երկրի տնտեսության աճի կանխատեսումը 2015 թվականի համար և ակնկալում է 1.6-2.6 տոկոսի ՀՆԱ աճ։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանի ՀՆԱ աճը 2015 թվականին ծրագրված է 4,1%–ի, իսկ գնաճը` 4% (±1,5%) մակարդակում։ Ընդ որում, միջազգային շատ ֆինանսական կառույցներ վատացրել է են հայկական տնտեսության մասին իրենց կանխատեսումները։

Այսպես, վերջին կանխատեսումներով, ԿԲ–ն Հայաստանում 2015 թվականին կանխատեսում է 0.8 տոկոսանոց տնտեսական աճ, Եվրասիական զարգացման բանկը` 1.6 տոկոսանոց աճ, Ասիական զարգացման բանկը` 1.6 տոկոս, ԱՄՀ–ն անկնկալում է հայկական տնտեսության 1 տոկոսանոց աճ, ՎԶԵԲ–ը` 1.5 տոկոսանոց անկում։ Միաժամանակ, Fitch վարկանիշային միջազգային գործակալությունն իր վերջին տեսությունում ակնկալում է 2015 թվականին Հայաստանի տնտեսության չափավոր հետընթաց` Ռուսաստանի իրավիճակի վատացման պատճառով, Moody’s գործակալությունը կանխատեսում է հայկական տնտեսության 2.3–տոկոսանոց աճ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև