Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է, իսկ ռիսկերը` վերահսկելի. ԿԲ

26.05.2015 16:58
Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է, իսկ ռիսկերը` վերահսկելի. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է, իսկ ռիսկերը` վերահսկելի, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով` 2014թ.–ին տնտեսության և ֆինանսական կայունության վրա ազդած հիմնական արտաքին ռիսկերը պահպանվել են, բացի այդ դրանց ազդեցության աճի միտում է նկատվել։

Մակրոմիջավայրից բխող հիմնական ռիսկերի թվում նա նշեց Հայաստանի գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղումը, ինչը երկրում տնտեսական աճի նվազման է հանգեցրել։

«Հայաստանի ֆինանսական համակարգը ողջ տարվա ընթացքում շարունակում էր կայուն աճի միտումներ գրանցել, ինչը բարենպաստ է ազդում տնտեսության և ֆինանսական շուկաների վրա` ստեղծելով անհրաժեշտ կայունություն և ճկունություն հնարավոր ռիսկերին հակազդելու համար», – ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` բանկային համակարգում հիմնական ռիսկերը վարկային ռիսկերն են, որոնք շարունակում են մնալ վերահսկվող շրջանակում։

«Սթրես–թեստերը ցույց են տալիս, որ Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ բավականին լիկվիդային ու կապիտալիզացված և ի վիճակի է կլանել շուկայում առկա տարբեր ռիսկերի ազդեցությունը», – ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ ֆինանսական միջնորդությունը 2014թ.–ին աճի էական տեմպեր է գրանցել, մասնավորապես` բանկային համակարգի ակտիվները 2014թ.–ին, 2013 թ.–ի համեմատ, ավելացել են գրեթե 16 տոկոսով, իսկ վարկերը` 21 տոկոսով, ինչը վերջին տարիների միտումների արդյունքն է, երբ վարկային ոլորտն աճում էր առաջանցիկ տեմպերով։

Նրա խոսքով` ՀՆԱ–ի նկատմամբ ակտիվների և ՀՆԱ–ի նկատմամբ վարկերի հարաբերակցության գծով նկատվում է աճի միտում, ինչպես նախորդ տարի, որը 2008թ.–ից հետո արագացել է և պահպանում է աճի միտումը։

«75 տոկոսի չափով ՀՆԱ–ի նկատմամբ ակտիվների ցուցանիշը բավականին մեծ ձեռքբերում է Հայաստանի բանկային համակարգի համար, այդ թվում նաև տարեվերջին գրանցված տարբեր ռիսկերի և ցնցումների պայմաններում», – ասաց Գրիգորյանը։

ԿԲ–ի տվյալներով` ՀՆԱ–ի նկատմամբ հայկական բանկերի վարկերի ծավալը 2014թ.–ին կազմել է 48,4 տոկոս։

Միաժամանակ Գրիգորյանն ընդգծեց, որ ֆինանսական համակարգի կայունության վրա առավել զգալի ազդեցություն են ունեցել շահութաբերության անկումն ու ակտիվների որակը, որոնք, սակայն, գտնվում են բավականին ցածր մակարդակում և չեն գերազանցում անգամ եվրոպական երկրներում գրանցված նմանատիպ ցուցանիշները։

«Ընդհանուր առմամբ ֆինանսական համակարգում գոյություն ունեցող ռիսկերը աճի միտում են գրանցել, սակայն գտնվել են վերահսկելի շրջանակներում, իսկ ֆինանսական համակարգն ի վիճակի է դիմակայել տարատեսակ ցնցումների», – եզրափակեց Գրիգորյանը։

Հայաստանի առևտրային բանկերի ակտիվները 2014թ.–ին կազմել են մոտ 3 410,6 մլրդ դրամ (16.1% աճ), պարտավորությունները` 2 921,8 մլրդ դրամ (18,3% աճ), բանկերի ընդհանուր կապիտալը` 488,7 մլրդ դրամ (4,2% աճ), վարկային ներդրումները` 2 162,9 մլրդ դրամ (21,2% աճ), իսկ զուտ շահույթը` 27,1 մլրդ դրամ (41,3% անկում)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև