Հայաստանի ֆոնդային բորսայում գործարքների ծավալն 1–ին եռամսյակում նվազել է 38.3%–ով և 9.6 մլրդ դրամ կազմել

04.06.2015 15:13
Հայաստանի ֆոնդային բորսայում գործարքների ծավալն 1–ին եռամսյակում նվազել է 38.3%–ով և 9.6 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/.  NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում գործարքների ծավալն 1–ին եռամսյակում կազմել է մոտ 9 670.1 մլն դրամ` 2014 թվականի առաջին եռամսյակի համեմատ նվազելով 38.3 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Չնայած բորսայում համախառն գործարքների կրճատմանը` բաժնետոմսերի և կորպորատիվ պարտատոմսերի գործարքները զգալի աճ են ցուցադրել։ ԱՎԾ տվյալներով` 2015 թվականի առաջին եռամսյակում բաժնետոմսերի գործարքների ծավալը կազմել է 3.9 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2.6 անգամ։ Միաժամանակ, կորպորատիվ պարտատոմսերի գործարքների ծավալն աճել է 22.1 տոկոսով` մինչև 4 651.9 մլն դրամ։

Պետական պարտատոմսերով գործարքների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 075.1 մլն դրամ` 2014 թվականի առաջին եռամսյակի 10 087.9 մլն դրամի դիմաց, իսկ հաշվետու ժամանակահատվածում ռեպո գործարքներ չեն իրականացվել։

Ֆոնդային բորսայում ընդամենը իրականացվել է 335 գործարք, ցուցարկում են անցել 15 կազմակերպություններ։

Միաժամանակ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից կատարված գործարքների ծավալը եռամսյակի արդյունքներով կազմել է 2 682.3 մլրդ դրամ։

Հայաստանում 2015 թվականի առաջին եռամսյակի տվյալներով գործում է ներդրումային ծառայություններ մատուցող 8 կազմակերպություն և 21 բանկ։ Արժեթղթեր թողարկող հաշվետու անձանց թիվն 1–ին եռամսյակում կազմել է 15։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին։ (1 դոլարը` 477,4 դրամ)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև