Հայաստանում գնաճը 2015թ.–ին աստիճանաբար կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ. ԿԲ կանխատեսում

09.06.2015 13:20
Հայաստանում գնաճը 2015թ.–ին աստիճանաբար կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ. ԿԲ կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Փաստացի գնաճային զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանում գնաճը Կենտրոնական բանկի կանխատեսման շրջանակում է և 2015 թվականին կշարունակի մնալ ընդունելի տատանումների վերին շեմին, ասվում է ԿԲ–ի` 2015 թվականի մայիսի գնաճի վերաբերյալ մեկնաբանությունում։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2015 թվականի մայիսին նույն տարվա ապրիլի համեմատ գրանցվել է 0.5–տոկոսանոց գնանկում, որի պայմաններում 12–ամսյա գնաճը, ինչպես և կանխատեսվում էր 2015 թվականի երկրորդ եռամսյակի ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրում, գտնվել է ընդունելի տատանումների վերին շեմին` ամսվա վերջում կազմելով 5.1 տոկոս։

«Պահանջարկի մեծացման և համաշխարհային տնտեսության աճի դանդաղման պատճառով Հայաստանի տնտեսության արտաքին հատվածի գնանկման միտումները շարունակվել են` արտացոլվելով մի շարք ներկրվող պարենային ապրանքների գների նվացման միտումի վրա (շաքար, կենդանական և բուսական յուղեր)»,– նշում է կարգավորիչը։

Միաժամանակ, հաղորդման համաձայն, տնտեսության ներքին հատվածում շարունակվել են գյուղատնտեսության ոլորտի դրական զարգացումները, ինչը հանգեցրել է գյուղատնտեսական մթերքների (հիմնականում` բանջարեղեն և կարտոֆիլ) գների նվազմանը։ Արդյունքում, սպառողական ապրանքների գներն ամսվա ընթացքում նվազել են 1.2 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների և ծառայությունների սակագներն էապես չեն փոխվել` արտացոլելով նախորդ տարվա վերջին արժութային փոխարժեքի արժեզրկման ազդեցության չեզոքացումը։

Պետբյուջեի համաձայն` հայկական տնտեսության աճը 2015 թվականին ծրագրված է 4.1 տոկոսի, իսկ գնաճը` 4% (±1,5%) մակարդակում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև