ՀՀ կառավարությունը ջանքեր կգործադրի 2015 թ.–ին տնտեսության աճի համար. նախարար

11.06.2015 12:09
ՀՀ կառավարությունը ջանքեր կգործադրի 2015 թ.–ին տնտեսության աճի համար. նախարար

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը ջանքեր կգործադրի այս տարվա արդյունքում երկրում արտաքին ռիսկերը նվազեցնելու և տնտեսական աճի հասնելու համար, «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։

Նրա խոսքերով, այդ նպատակով ծրագրեր են իրականացվում արտահանման կողմնորոշում ունեցող ոլորտների խթանման ուղղությամբ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության համակարգման միջոցով։ «Թե որքանով ենք հասնել  այդ նպատակին հնարավոր կլինի դատել տարվա տնտեսական արդյունքներով», – նշել է Խաչատրյանը։

Նա հիշեցրել է, որ 2014 թ.–ի վերջին որոշ միջազգային կազմակերպություններ, 2015 թ.–ի արդյունքում, կանխատեսում էին Հայաստանի տնտեսության անկում և դա կապում էին համաշխարհային տնտեսության, ինչպես նաև Հայաստանի գործընկեր պետություններում (մասնավորապես` Ռուսաստանում) տեղի ունեցող գործընթացներով։ «Սակայն 2015 թ.–ի հունվար–ապրիլի արդյունքում մեզ մոտ գրանցվել է տնտեսական ակտիվության 2,7 տոկոսանոց աճ», – ասել է նախարարը։

Խաչատրյանը նաև ավելացրել է, որ կանխատեսումներ անելով տնտեսական աճի վերաբերյալ`հարկավոր է հաշվի առնել, որ արտաքին աշխարհից բխող ռիսկերը դեռևս պահպանվում են, և դրանք բավականին զգալի են։

«Մեր տնտեսության վրա կատարվող հիմնական ճնշումը կապված է արտաքին պատճառների, այդ թվում` տարածաշրջանային տնտեսական իրողությունների, ՌԴ տնտեսության հետ կապի, արժութային փոխարժեքների տատանումների, փոխանցումների ծավալների կրճատման հետ։ Սակայն այս գործոնների ազդեցության պայմաններում անգամ Հայաստանի տնտեսական վիճակը ճգնաժամային չեմ համարում», – ընդգծել է ՀՀ ֆինանսների նախարարը։

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հանրապետության տնտեսական աճը 2015 թ.–ի արդյունքում կկազմի նվազագույնը 2–3 տոկոս։ Ըստ վարչապետ` 2015 թ.–ի երկրորդ կիսամյակից դա կլինի ավելի ակնհայտ նախատեսված ծրագրերի իրականացման հաշվին, որոնք տարվա արդյունքում կհանգեցնեն տնտեսական ակտիվության և տնտեսական աճի։

Բազմաթիվ միջազգային ֆինանսական կառույցներ վատացրել են հայկական տնտեսության աճի կապակցությամբ արված իրենց կանխատեսումները։ Այսպես, վերջին կանխատեսումների համաձայն, ՀԲ–ն 2015 թ.–ին կանխատեսում է Հայաստանի տնտեսության 0,8 տոկոսանոց աճ, Եվրասիական զարգացման բանկը` 1,6 տոկոսի աճ, Ասիական զարգացման բանկը` 1,6 տոկոսի աճ, ԱՄՀ–ն կանխատեսում է հայկական տնտեսության 1 տոկոսանոց անկում, իսկ ՎԶԵԲ—ը` 1,5 տոկոսի անկում։

Միաժամանակ Fitch միջազգային վարկանիշային գործակալությունն իր վերջին հաշվետվության մեջ սպասում է 2015 թ.–ի Հայաստանի տնտեսության չափավոր ռեցեսիա Ռուսաստանում գրանցվող իրավիճակի վատացման պատճառով, Moody’s գործակալությունը կանխատեսում է հայկական տնտեսության 2,3 տոկոսանոց աճ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև