ԱՄՀ–ն դադարեցրել է Հունաստանի հետ բանակցությունները

12.06.2015 13:53
ԱՄՀ–ն դադարեցրել է Հունաստանի հետ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի, /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) դադարեցրել է Հունաստանի հետ բանակցությունները երկրին օգնելու ծրագրի վերաբերյալ, քանի որ կողմերն այդպես էլ չեն կարողացել առաջ շարժվել խնդրի քննարկման հարցում։ Այդ մասին , ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, գրում է The Wall Street Journal–ը` հղում անելով ԱՄՀ ներկայացուցիչներին։

«Նրանց միջև մնում են լուրջ տարաձայնություններ առանցքային հարցերի մեծամասնության շուրջ»,– հայտարարել է ԱՄՀ ներկայացուցիչ Հերի Ռայսը։

«Վերջին ժամանակում առաջընթաց չի եղել հակասությունների նվազեցման առումով։ Այսպիսով, մենք շատ հեռու ենք համաձայնագրի հասնելուց»,– նշել է նա։

Ռայսի խոսքով` ԱՄՀ–ն ետ է կանչել Բրյուսելից փորձագետների խմբին, որոնք մասնակցել են Հունաստանի հետ բանակցություններին։

«Հիմա խոսքը Հունաստանինն է»,– հավելել է նա։

Անցյալ չորեքշաբթի եվրոպական պաշտոնական անձինք մերժել են հունական կառավարության հերթական պլանը, քանի որ փաստաթղթում կրկին չեն արտացոլվել Հունաստանին ներկայացված վարկատուների պահանջները, ավելին, նոր պահանջները չեն համապատասխանում բյուջետային ցուցանիշների վերաբերյալ պայմանավորվածություններին, որոնք կողմերն արդեն ձեռք են բերել անցած շաբաթ։

Վարկատուների և Հունաստանի միջև ավելի քան չորս ամիս տևած բանակցություններից հետո նախկինի պես մնացել են առանցքային տարաձայնություններ, մասնավորապես, դրանք կապված են կենսաթոշակների լրացուցիչ կրճատումից և ԱԱՀ բարձրացումից Աթենքի հրաժարվելու հետ։

Միաժամանակ, հունիսի վերջին Հունաստանը պետք է Արժույթի միջազգային հիմնադրամին վճարի 1,6 մլրդ եվրո։ Հունիսի վերջին լրանում է Հունաստանին օգնության ծրագրի ժամկետը, և Աթենքը կորցնում է փող ստանալու հնարավորությունը։

Այսօր Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Հունաստանի վարկային վարկանիշը մինչև «ССС»` նշելով առաջիկա 12 ամիսների ընթացքում իր պարտավորությունների շուրջ երկրի դեֆոլտի բարձր հավանականությունը։-0-


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Partners news

Կարդացեք նաև