17.06.2015 11:34
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի, /ԱՌԿԱ/. Գերմանական KfW բանկը Հայաստանին կտրամադրի 205 մլն եվրո արտոնյալ վարկավորում և 4,815,869.84 մլն եվրո դրամաշնորհ` մի շարք նախագծերի իրագործման համար։ Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, ֆինանսական համագործակցության մասին համապատասխան համաձայնագիր է ստորագրվել նախօրեին Երևանում։
Փաստաթղթի տակ ստորագրել են Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և հանրապետությունում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը։
Դրամաշնորհը նախատեսվում է «Բնակտարածքի ֆինանսավորում. 4-րդ փուլ», «Էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագիր միկրո, փոքր և միջին ձեռնարկություններում/ՄՓՄՁ», «Դպրոցների էներգասպառման արդյունավետությունը բարձրացնող վերանորոգում», «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում. 2-րդ փուլ» և «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր. 2-րդ փուլ» ծրագրերի իրականացման և համակարգման համար անհրաժեշտ հարակից միջոցառումների անցկացման համար:
Արտոնյալ վարկը նախատեսվում է «Բնակտարածքի ֆինանսավորում. 4-րդ փուլ», «Էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագիր ՄՓՄՁ-ում», «Դպրոցների էներգասպառման արդյունավետությունը բարձրացնող վերանորոգում», «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում. 2-րդ փուլ» և «Կովկասի էներգետիկ միություն. 3-րդ փուլ (Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսանքահաղորդման գիծ, ենթակայաններ)» ծրագրերի համար:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: