ՀՀ կառավարությունն առաջարկում է «պետական պարտք» հասկացությունից հանել ԿԲ–ի պարտքը

19.06.2015 19:03
ՀՀ կառավարությունն առաջարկում է «պետական պարտք» հասկացությունից հանել ԿԲ–ի պարտքը

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ քննարկում է կառավարության ներկայացրած օրինագիծը, որը վերաբերում է «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն, որոնցով նախատեսվում է «պետական պարտք» հասկացությունից բացառել Կենտրոնական բանկի պարտքը։

Ինչպես օրինագիծը ներկայացնելիս նշեց ֆինանսների փոխնախարար, Հայաստանի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ըստ գործող օրենքի` Հայաստանի պետական պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ–ի 60 տոկոսը, իսկ առաջարկվող փոփոխություններով` այդ սահմանափակումը տարածվելու է միայն կառավարության պարտքի վրա։

Կառավարության ներկայացրած փոփոխությունների փաթեթը դժգոհություն է առաջացրել ընդդիմադիր պատգամավորների շրջանում, ովքր կարծում են, որ օրինագծի նպատակն է ներգրավել նոր վարկեր։ Այսպես, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը հայտարարել է, որ օրենքի նման արագ փոփոխությունը միայն նշանակում է, որ Հայաստանի պետական պարտքը մոտենում է ծայրահեղ կետի, ինչից հետո պետությունը կարող է համարվել ոչ վարկունակ։

«Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով, դատելով օրինագծից` «իրավիճակն այնքան վատ է, որ կառավարությունը ստիպված է արմատական միջոցներ ձեռնարկել պարտքերի ավելացման համար»։

Ֆինանսների փոխնախարար, Հայաստանի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի կանխատեսմամբ` հանրապետության պետական պարտքը 2015 թ.–ի արդյունքում կկազմի 4,8–4,9 մլրդ դոլար։ Նրա խոսքերով` 2014 թ.–ը Հայաստանն ավարտել է 4,4 մլրդ դոլարի պետական պարտքով, իսկ ՀՆԱ–ի պետական պարտքի հարաբերակցությունը կազմել է 40,4 տոկոս։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև