ՀՀ ԿԲ–ն քննարկում է Ֆինանսական ներգրավվածության Միության ծրագրերում մասնակցության հնարավորությունը

23.06.2015 18:41
ՀՀ ԿԲ–ն քննարկում է Ֆինանսական ներգրավվածության Միության ծրագրերում մասնակցության հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը երեքշաբթի Ֆինանսական ներգրավվածության միության (Alliance for Financial Inclusion, AFI)  գործադիր տնօրեն Ալֆրեդ Հաննիգի հետ քննարկել է գործակցության հետագա ուղղությունները և Կենտրոնական բանկի՝ AFI-ի առաջիկա ծրագրերում մասնակցության հնարավորությունները, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել AFI-ի դերը ամբողջ աշխարհում ֆինանսական ներգրավվածության խթանման և զարգացման հարցում: Պարոն Ջավադյանն արդյունավետ է գնահատել ՀՀ ԿԲ և AFI-ի միջև շարունակական գործակցությունը և շնորհակալություն հայտնել Կենտրոնական բանկի կողմից տարբեր ծրագրերի իրականացմանն աջակցելու համար։

Այդ գործակցության վերջին արդյունքը Ֆինանսական կարողությունների գնահատման մեթոդաբանության մշակումն է, որը կիրառելի կլինի միության անդամ երկրների ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունների մշակման համար:

Ալֆրեդ Հաննիգն իր հերթին գոհունակություն է հայտնել միության և ՀՀ ԿԲ-ի միջև արդյունավետ գործակցության վերաբերյալ և կարևորել Հայաստանի փորձի կիրառումն AFI-ի անդամ երկրներում` բարձր գնահատելով սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման ոլորտում իրականացված աշխատանքները:

Ֆինանսական ներգրավվածության միությունը զարգացող երկրների կենտրոնական բանկերի և այլ ֆինանսական կարգավորող մարմինների ցանց է, որը հիմնադրվել է 2008 թ-ին: Միության գլխավոր նպատակն է աշխարհի զարգացող երկրներում ֆինանսական ներգրավվածության զարգացումը։ Այսօրվա դրությամբ AFI անդամ են աշխարհի ավելի քան 100 երկրների կենտրոնական բանկերը։  ՀՀ կենտրոնական բանկը միությանը անդամակցում  է 2011 թ-ից:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև