Արարատբանկը նախատեսում է Հայաստանում առաջինը իրականացնել ֆինանսական սուպերմարկետի գաղափարը

26.06.2015 18:59
Արարատբանկը նախատեսում է Հայաստանում առաջինը իրականացնել ֆինանսական սուպերմարկետի գաղափարը

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Արարատբանկը նախատեսում է Հայաստանում առաջինը իրականացնել ֆինանսական սուպերմարկետի գաղափարը, ուրբաթ բանկի տարեկան ժողովի ժամանակ հայտարարեց «Արարատբանկ» ԲԲԸ–ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը։

«Ֆինանսական սուպերմարկետի գաղափարն այն է, որպեսզի Արարատբանկի մասնաճյուղերում հաճախորդները հնարավորություն ունենան ձեռք բերել ֆինանսական շուկայում գոյություն ունեցող ցանկացած պրոդուկտ կամ ծառայություն։ Մենք մեր մասնաճյուղերից մեկում սկսել ենք պիլոտային ծրագիրը և մտադիր ենք ընդլայնել ծրագիրն այն մասնաճյուղերում, որոնք իրենց աշխարհագրական դիրքով հարմար են ֆինանսական սուպերմարկետի վերածվելու համար», – ասաց նա։

Նրա խոսքով` մնացած մասնաճյուղերը կիրականացնեն բանկային ծառայությունների վաճառք։

Խոսելով բանկի մասնաճյուղային ցանցի մասին` Օսիպյանը նշեց, որ վերջին` 50–րդ մասնաճյուղը բացվել է Ավան–Առինջ վարչական շրջանում, մեկ ամիս հետո նոր մասնաճյուղ կբացվի Չարենցավանում, իսկ մինչև տարեվերջ կբացվի ևս երկու մասնաճյուղ։

Խոսելով այս տարվա ծրագրերի մասին` վարչության նախագահը տեղեկացրեց, որ Արարատբանկը մտադիր է մեկ ամսից սկսել Future Banking ռազմավարական ծրագրի իրականացումը, որը նախատեսում է հաճախորդներին տրամադրվող ծառայությունների բարելավում նոր տեխնոլոգիաների օգտագործման միջոցով։

Բանկը նախատեսում է նաև ակտիվացնել ինտերնետ բանկինգի ծառայությունը, ներդնել «Ցանկացած» անունով նոր ծառայություն, որը նախատեսում է ցանկացած ժամանակ և ցանկացած վայրից հեռախոսի միջոցով բանկային հաշիվը կառավարելու հնարավորություն։

«Բանկը նախատեսում է նաև բացել էլեկտրոնային մասնաճյուղ, որտեղ սպասարկումն ամբողջովին ավտոմատացված կլինի` առանց սպասարկող անձնակազմի», – ավելացրեց նա։

Օսիպյանը 2014 թվականը դրական գնահատեց` նշելով, որ բանկին հաջողվել է իրականացնել սահմանված բոլոր խնդիրները։ Օսիպյանը խնդիրների թվում նշեց վարկային ներդրումների աճի դանդաղումը` նախորդ տարվա համեմատ, սակայն ավելացրեց, որ հիմա վարկային պորտֆելը «շատ առողջ և բարձր որակի է»։

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  (հանդիսանում է «Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է թիվ 4 բանկային արտոնագիրը։ Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 64,24 տոկոսը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 25 տոկոսը` ՎԶԵԲ–ին, իսկ 10 տոկոսը` «RURAL IMPULSE FUND II SA SICAV SIF» ընկերությանը։ Արարատբանկը 2009 թ.–ի հունվարի 30–ին դարձել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մասնակից։

Բանկի ակտիվները 2014թ.–ին ավելացել են 10,48 տոկոսով` հասնելով 138,36 մլրդ դրամի, պարտավորությունները կազմել են 116,69 մլրդ դրամ (10,5 տոկոսի աճ), կապիտալը` 21,6 մլրդ դրամ (10,3 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 65,9 մլրդ դրամ (10,6 տոկոսի աճ), զուտ շահույթը կազմել է 2,8 մլրդ դրամ (6,6 տոկոսի անկում) ($1 – 472,56 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև