26.06.2015 19:36
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. «Արարատբանկի» զուտ շահույթը 2014 թվականի արդյունքներով կազմել է 2.8 մլրդ դրամ, ուրբաթ բանկի բաժնետերերի տարեկան հավաքի ժամանակ ասաց «Արարատբանկ» ԲԲԸ–ի վարչության նախագահի տեղակալ Դավիթ Հարությունյանը։
Ընդ որում` բանկի գլխավոր հաշվապահ Տիգրան Գալստյանը պարզաբանեց, որ 2014 թվականին զուտ շահույթը նվազել է 6.6 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է եղել ակտիվների հնարավոր կորուստների պահուստավորմամբ։
Դավիթ Հարությունյանի խոսքով` 2014 թվականը «Արարատբանկի» համար հաջողակ տարի էր, բանկն աճ է արձանագրել համարյա բոլոր ցուցանիշներով, մասնավորապես, բանկի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով ` կազմելով 138.4 մլրդ դրամ, իսկ բանկի վարկային ներդրումները` 10.6 տոկոսով, մինչև շուրջ 66 մլրդ դրամ։
Նա նշել է, որ 2014 թվականին բանկի վարկային քաղաքականությունը զգալի փոփոխություններ է կրել, բանկը խիստ պահպանողական մոտեցումներ է կիրառել, մասնավորապես` հաճախորդների գնահատման հարցում, ինչպես նաև ռեստրուկտուրիզացվել է վարկային պորտֆելը։
«Մենք բանկի ընդհանուր վարկային պորտֆելում ավելացրել ենք ՓՄՁ–ի վարկային պորտֆելի մասնաբաժինը։ Այսպես, անցած տարվա ընթացքում մոտ 4 մլրդ դրամ խոշոր բիզնեսի վարկերից մարվել է, ինչը և ավելացրել է բանկի միասնական վարկային պորտֆելի մասնաբաժինը։ Բացի այդ, բանկը սկսել է զարգացնել գյուղատնտեսության վարկավորումը և տրամադրում է լիզինգային ծառայություններ», – ասել է նա։
Հարությունյանի խոսքով` բանկը նաև մոտավորապես 15.5 տոկոսով (մինչև 15.4 մլրդ դրամ) ավելացրել է տեղական բաժնետոմսերի շուկայում ներդրումային պորտֆելը, ընդ որում հիմնական ներդրումներն արվել են կարճաժամկետ բաժնետոմսերում, և այսօր պորտֆելի շուրջ 70 տոկոսը կազմում են մինչև մեկ տարի ժամկետ ունեցող բաժնետոմսերի վրա։
«Արարատբանկը» ֆոնդային բորսայի ակտիվ դերակատարներից է և բանկի առաջնային շուկայում 2014 թվականի ընթացքում ձեռք է բերել 22 մլրդ դրամ, երկրորդական շուկայում բաժնետոմսերի հետ գործարքների ծավալը կազմել է 60 մլրդ դրամ, իսկ ռեպո գործարքները` 140 մլրդ դրամ», – ասաց նա։
Վարչության նախագահի տեղակալը տեղեկացրեց նաև, որ 2014 թվականին 10.5 տոկոսով աճել են բանկի պարտավորությունները` մինչև 116.69 մլրդ դրամ։ Օպտիմալացվել է բանկի պարտավորությունների կառուցվածքը, մասնավորապես, բանկը նախապատվություն է տվել այն միջոցներին, որոնք ներգրաված են եղել արտաքին աղբյուրներից։ Տարվա արդյունքներով` միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցները կազմել են 40.4 մլն դրամ կամ բանկի պարտավորությունների 34.6 տոկոսը։
«Բանկի կապիտալը 2014 թվականին կազմել է 21.6 մլրդ դրամ, 10.4 տոկոս աճը հիմնականում գրանցվել է կուտակված շահույթի հաշվին», – ասաց նա` ավելացնելով, որ «Արարատբանկի» կապիտալի շահութաբերությունը (ROE) կազմել է 14.1 տոկոս, իսկ ակտիվներինը (ROA)` 2.3 տոկոս, ինչը բանկային համակարգի միջին արժեքներից բարձր է։
2014 թվականի տվյալներով` բանկն ուներ 49 մասնաճյուղ։ Բանկի հաճախորդների քանակն ավելացել է 13.4 տոկոսով և հասել 207595–ի։
«Արարատբանկ» ԲԲԸ-ն (հանդիսանում է «Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է թիվ 4 բանկային արտոնագիրը։ Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 64,24 տոկոսը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 25 տոկոսը` ՎԶԵԲ–ին, իսկ 10 տոկոսը` «RURAL IMPULSE FUND II SA SICAV SIF» ընկերությանը։ Արարատբանկը 2009թ.–ի հունվարի 30–ին դարձել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մասնակից։
Բանկի ակտիվները 2014թ.–ին ավելացել են 10,48 տոկոսով` հասնելով 138,36 մլրդ դրամի, պարտավորությունները կազմել են 116,69 մլրդ դրամ (10,5 տոկոսի աճ), կապիտալը` 21,6 մլրդ դրամ (10,3 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 65,9 մլրդ դրամ (10,6 տոկոսի աճ), զուտ շահույթը կազմել է 2,8 մլրդ դրամ (6,6 տոկոսի անկում)։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: