Արարատբանկը դիվիդենտներ չի վճարի բաժնետերերին 2014թ.–ի համար

26.06.2015 21:55
Արարատբանկը դիվիդենտներ չի վճարի բաժնետերերին 2014թ.–ի համար

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. «Արարատբանկ» ԲԲԸ–ն դիվիդենտներ չի վճարի բաժնետերերին 2014թ.–ի գործունեության արդյունքում։ Նման որոշում է ընդունվել բանկի բաժնետերերի տարեկան ժողովում։

«600 մլն դրամի չափով զուտ շահույթի մի մասը կուղղվի պահուստային հիմնադրամի համալրմանը, իսկ մնացած մասը կպահպանվի չտեղաբաշխված շահույթի տեսքով», – ասաց Արարատբանկի վարչության փոխնախագահ Դավիթ Հարությունյանը։

Որոշումն ընդունվել է բաժնետերերի ձայների մեծամասնությամբ։

Հարությունյանի խոսքով` 2014 թվականը Արարատբանկի համար հաջող տարի էր, արձանագրվեց աճ գրեթե բոլոր ցուցանիշներով։ Մասնավորապես, բանկի ակտիվներն ավելացան 10,5 տոկոսով` կազմելով 138,4 մլրդ դրամ, բանկի վարկային ներդրումներն ավելացան 10,6 տոկոսով` հասնելով մոտ 66 մլրդ դրամի, պարտավորությունները` 10,5 տոկոսով` հասնելով 116,69 մլրդ դրամի, իսկ կապիտալը` 10,4 տոկոսով` հասնելով 21,6 մլրդ դրամի։

Բանկի զուտ շահույթը 2014 թ.–ին կազմել է 2,8 մլրդ դրամ` նվազելով 6,6 տոկոսով։

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  (հանդիսանում է «Հայկապ» բանկի իրավահաջորդը) հիմնադրվել է 02.09.1991թ., 1996թ. հոկտեմբերի 31-ին բանկը ստացել է թիվ 4 բանկային արտոնագիրը։ Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 64,24 տոկոսը պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը, 25 տոկոսը` ՎԶԵԲ–ին, իսկ 10 տոկոսը` «RURAL IMPULSE FUND II SA SICAV SIF» ընկերությանը։ Արարատբանկը 2009 թ.–ի հունվարի 30–ին դարձել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մասնակից։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև