Հայաստանի ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

22.09.2015 18:55
Հայաստանի ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 2015 թ-ի սեպտեմբերի 22-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.25%:

Ինչպես նշված է ԿԲ–ի հրապարակած հաղորդագրությունում, 2015թ.–ի օգոստոսին արձանագրվել է 0.1% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.7%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել, ընդ որում՝ սպասվածից դանդաղ տեմպերով, և ամսվա վերջին կազմել 3.6%:

Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվել է գնանկումային միջավայրը, ինչից ելնելով ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: Այդուհանդերձ, ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից քաղաքականության տոկոսադրույքի ակնկալվող բարձրացման պայմաններում զարգացող երկրներից կապիտալի արտահոսքի սպասումների ներքո համաշխարհային  ֆինանսական և արժութային շուկաներում դիտվել է տատանողականության էական աճ, որը ստեղծում է գնաճային ռիսկեր:

Խորհուրդն արձանագրում է, որ երրորդ եռամսյակում ևս պահպանվել են տնտեսական ակտիվության՝ սպասվածից բարձր աճի տեմպերը, որը հիմնականում պայմանավորվել է առաջարկի գործոններով: Խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը նպաստել է ներքին պահանջարկի որոշ չափով վերականգնմանը՝ մասամբ չեզոքացնելով գնանկումային միջավայրը: Համախառն առաջարկի և պահանջարկի վերոնշյալ զարգացումները հանգեցրել են զուտ արտահանման տեմպերի արագացմանը՝ զգալիորեն բարելավելով ՀՀ արտաքին հաշվեկշիռը: ԿԲ խորհուրդը կարծում է, որ տնտեսական հիմնարարների նման զարգացումները էականորեն ավելացրել են արտաքին ցնցումների նկատմամբ երկրի դիմադրողականությունը:

Համաշխարհային ֆինանսական և արժութային շուկաների տատանողականության աճը առաջացրել է համեմատաբար բարձր գնաճային սպասումներ, ինչը թույլ չի տվել  ձևավորել ավելի ցածր գնաճային միջավայր: Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային ներկայիս պայմանները, ինչի ներքո մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կնվազի և կտատանվի թույլատրելի միջակայքի ներքևի հատվածում: Դրամավարկային նման քաղաքականությունը հնարավորություն կտա առաջիկայում նվազեցնել ու խարսխել գնաճային սպասումները և ապահովել գնաճի նպատակը միջնաժամկետ հատվածում:

ՀՀ ԿԲ խորհուրդը ներքին տնտեսությունում գնաճային սպասումների և արտաքին ֆինանսական շուկաների զարգացումներին համահունչ, անհրաժեշտության դեպքում, կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության նպատակի իրագործման համար:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև