Հայկական բանկերն առաջին անգամ հայտնվել են ԱՊՀ 200 խոշորագույն բանկեր-2015–ի վարկանիշում

30.09.2015 17:02
Հայկական բանկերն առաջին անգամ հայտնվել են ԱՊՀ 200 խոշորագույն բանկեր-2015–ի  վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերն առաջին անգամ հայտնվել են «ՌԻԱ Ռեյտինգ» վարկանիշային գործակալության հրապարակած ԱՊՀ 200 խոշորագույն բանկեր-2015–ի  վարկանիշում։
«Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ մեդիախմբում ընդգրկված «ՌԻԱ Ռեյտինգ» վարկանշային գործակալությունն անցկացրել է ԱՊՀ երկրների բանկային հատվածի հերթական, հաշվով հինգերորդ հետազոտությունը, որի արդյունքներով կազմվել է 200 խոշորագույն բանկերի վարկանիշը։

Գործակալության համաձայն, ԱՊՀ 200 խոշորագույն բանկերի ընթացիկ վարկանիշում ընդգրկվել է Հայաստանի երեք բանկ` Ամերիաբանկը 166–րդ տեղում ($0.84 մլրդ), Արդշինբանկը 179–րդ հորիզոնականում ($0.77 մլրդ), ՎՏԲ–Հայաստան Բանկը 181–րդ հորիզոնականում ($0.76 մլրդ)։ Հարկ է նշել, որ այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ 2015 թվականի հունվարի դրությամբ 3 410.5 մլրդ դրամի կամ 8.1 մլրդ դոլարի ակտիվների ընդհանուր ծավալով։

«Տվյալ վարկանիշում հայտնվել է Հայաստանը ներկայացնող միանգամից երեք բանկ, թեև նախկինում ոչ մի անգամ ոչ մի հայկական բանկ չէր կարող հայտնվել ԱՊՀ 200 խոշորագույն բանկերի ցուցակում։ Դա հնարավոր է դարձել Ուկրաինայի և Ռուսաստանի բանկերի թվի կտրուկ կրճատման հաշվին»,– նշում են գործակալության վերլուծաբանները։

2014 թվականի արդյունքներով, Ռուսաստանը վարկանիշում 8 բանկ է կորցրել և այժմ ներկայացված է 12 վարկային կազմակերպություններով, իսկ ուկրաինական բանկերը վարկանիշում ընդհանրապես պակասել են մեկ երրորդով։

Վարկանիշի վերլուծաբանների համաձայն, վարկանիշում ընդգրկված երկրների աշխարհագրության ընդլայնումը 2014 թվականին 0.96 մլրդ դոլարի ակտիվների ծավալով վարկանիշում հայտնվելու համար նվազագույն ծավալի նվազեցման արդյունք է մինչև 0.67 մլրդ դոլար 2015 թվականին, ինչը հիմնականում կապված է մի շարք երկրներում, մասնավորապես, Ռուսաստանում, ազգային արժույթների խիստ արժեզրկմամբ։

Գործակալության տվյալներով, վարկանիշում առավել վառ են ներկայացված Ռուսաստանի բանկերը` 60.5 տոկոսի չափով, երկրորդ տեղում ղազախական բանկերն են` վարկանիշում ներկայացվածների 10.5 տոկոսը, ուկրաինական բանկերի բաժնեմասը կազմում է 9.5 տոկոս, ադրբեջանականներինը` 5 տոկոս։ Բելառուսն ու Ուկրաինան ներկայացված են 4.5–տոկոսական չափով, իսկ Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան` 1.5–տոկոսական, թուրքմենական բանկերը` 1 տոկոսի չափով։

ԱՊՀ 200 խոշորագույն բանկերի ակտիվների հանրագումարը 2015 թվականի հունվարի 1–ի դրությամբ, ՌԻԱ Ռեյտինգի փորձագետների գնահատմամբ, կազմում էին 1.47 տրլն դոլար, ինչը 355 մլրդ դոլարով պակաս է մեկ տարի առաջ ներկայացված ԹՈՓ–200–ի ակտիվներից։

«ԱՊՀ երկրների բանկային հատվածի ճգնաժամի ցուցանիշն այն փաստն է, որ բացասական դինամիկայով բանկերի թիվը գերազանցում է դրական դինամիկայով բանկերի թվին։ 2014 թվականի արդյունքներով, 136 բանկեր, կամ վարկանիշում ընդգրկվածների 68 տոկոսը ակտիվների նվազում է արձանագրել, համեմատության համար նախորդ վարկանիշում այդպիսիք 55 էին կամ 27.5 տոկոսը, իսկ 2012 թվականին` 19 տոկոս»,– նշում են գործակալությունից։
Նախորդ տարվա արդյունքներով, ՌԻԱ Ռեյտինգի փորձագետների գնահատմամբ, ԱՊՀ երկրների բանկային համակարգերի համախառն ակտիվները կրճատվել են 21.3 տոկոսով` մինչև 1.7 տրիլիոն դոլար, 2013 և 2012 թվականներին համապատասխանաբար գրանցված 9.3 տոկոսի և 23.1 տոկոսի աճի դիմաց։

ԱՊՀ երկրների բանկային համակարգի բացասական դինամիկան կապված է երկու հիմնական միտումների հետ` ազգային արժույթների արժեզրկման և մեծ թվով չկայացած բանկերի սնանկացմամբ։ Ընդ որում` ամենամեծ արժեզրկումը դիտվել է բանկերի ակտիվների առավելագույն թվով երկրներում` Ռուսաստանում և Ուկրաինայում։

Վարկանիշի տվյալները վերցվել են բաց աղբյուրներից` բանկերի հրապարակային ֆինանսական հաշվետվությունից, ինչպես նաև վիճակագրական ամփոփագրերից և ԱՊՀ երկրների կենտրոնական բանկերի` 2014 թվականի արդյունքների վերաբերյալ այլ հրապարակումներից։ Ընթացիկ վարկանիշի երկու հարյուր խոշորագույն բանկերի թվում են տասը երկրների` Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի վարկային կազմակերպություններ։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post