ՀՀ ԿԲ–ն առայժմ ոսկի չի գնի միջազգային շուկաներում

07.10.2015 14:52
ՀՀ ԿԲ–ն առայժմ ոսկի չի գնի միջազգային շուկաներում

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն նպատակահարմար չի համարում այս պահին ոսկի գնել միջազգային շուկաներում` հաշվի առնելով ներկա գները, նախօրեին խորհրդանում ասել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանն այսօրվա դրությամբ չունի ոսկու պաշարներ։

ԿԲ–ն 2003թ.–ին ընդունել է ռազմավարական որոշում, ըստ որի` հրաժարվում է ոսկու պաշարից իր արտաքին համախառն ակտիվներում։ Կարգավորիչը նման որոշումը բացատրել է «այդ տարիներին ոսկու շուկայում գրանցված բարձր լիկվիդայնությամբ»։ ԿԲ–ի 1,4 տոննա ոսկու պաշարի վաճառքից ստացվել է մոտ 17 մլն դոլար։

2004թ.–ի ընթացքում ԿԲ–ն ֆունտ ստեռլինգի է փոխարկել 2003թ.–ի դեկտեմբերին ոսկու վաճառքից ստացված միջոցները` կատարելով ներդրումներ այդ արժույթով։ Այս ամենի արդյունքում, այս ներդրումից ստացված իրական եկամտաբերությունը, հաշվի առնելով ԱՄՆ դոլարի նկատմամբ ֆունտի 8,4 տոկոսով ամրապնդումը, կազմել է մոտ 13 տոկոս, այն դեպքում, երբ ոսկով կատարված ներդրումների եկամտաբերությունը կարող էր կազմել առավելագույնը 9 տոկոս, ընդ որում միայն ոսկու գնի աճի հաշվին։

Հայաստանի ոսկու պաշարի վաճառքից ստացված զուտ շահույթը կազմել է 3 մլրդ դրամ։ Միաժամանակ ոսկու ողջ պաշարը, որը տարբեր տարիներին գնահատվում էր 15–18 մլն դոլար, իրացվել է առավել շահավետ գնով` ավելի քան 400 դոլար 1 տրոյական ունցիայի դիմաց։

«ԿԲ–ի պահուստների ներկա կառուցվածքը թույլ է տալիս լուծել մեր առջև դրված խնդիրներն ու ապահովել անհրաժեշտ եկամուտներ», – ասել է Երիցյանը։

Նա նաև նշել է, որ ոչ միայն Հայաստանը, այլ նաև շատ երկրներ հրաժարվել են ոսկու պաշարներ պահելուց, քանի որ այսօրվա դրությամբ այդ ակտիվը չի տարբերվում մնացած արժույթներից։

ԿԲ–ի փոխնախագահը նշել է, որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել ռեսուրսները։ Նա նաև ընդգծել է, որ մեծ պահուստների առկայության դեպքում միայն կարելի է դրանք պահել ոսկու և թանկարժեք մետաղների տեսքով, իսկ 10–15 տարվա ընթացքում տեղի ունեցած գնային տատանումների արդյունքում հնարավոր է անգամ ստանալ որոշակի օգուտ։

ԿԲ–ի տվյալներով` Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2015 թ.–ի օգոստոսին կազմել են 1 646 մլն դոլար` ամսվա ընթացքում կրճատվելով 3,3 տոկոսով (1 դոլարը` 480,33 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև