Հայաստանի եվրապարտատոմսերի եկամտաբերությունը շարունակում է աճել

09.10.2015 01:19
Հայաստանի եվրապարտատոմսերի եկամտաբերությունը շարունակում է աճել

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական եվրապարտատոմսերի միջին եկամտաբերությունն օգոստոսին աճել է 0,41 տոկոսային կետով` կազմելով 6.84 տոկոս, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի 2015 թվականի օգոստոսի տեղեկատվական ամփոփագրում։

Միաժամանակ, Կենտրոնական բանկի տվյալներով, հայկական եվրապարտատոմսերով գործարքների ծավալն օգոստոսին կազմել է 9,94 մլն դոլար` հուլիսին գրանցված 1,5 մլն դոլարի դիմաց:

Հարկ է նշել, որ Հայաստանում եվրապարտատոմսերի եկամտաբերությունը սկսել է աճել այս տարվա հունիսից: Այսպես, հունիսին եվրապարտատոմսերի եկամտաբերությունն աճել է 0,12 տոկոսային կետով` մինչև 6.21 տոկոս, հուլիսին կազմել է 6,43 տոկոս, իսկ օգոստոսին հասել է 6,84 տոկոսի:

Վերլուծաբանների կարծիքով, հայկական եվրապարտատոմսերի եկամտաբերության բարձրացումը բացատրվում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական անկայուն իրավիճակով և աշխարհի գրեթե բոլոր արժույթների նկատմամբ դոլարի լուրջ ամրապնդմամբ, ինչը չէր կարող չանդրադառնալ նաև Հայաստանի ֆինանսական շուկայի վրա` ազդելով երկրում տոկոսադրույքների աճի վրա:

Բացի այդ, համաշխարհային ֆինանսական շուկաներում այս տարվա օգոստոսին լարվածություն էր նկատվել, մասնավորապես, շուկաների փոփոխականության վրա ազդել է յուանի արժեզրկումը, օգոստոսի 21-ի սև երկուշաբթին (ամերիկյան շուկաներում գների կտրուկ նվազումը), Հունաստանի հետ վարկատուների վերջնական համաձայնության ձեռքբերումը։

Կենտրոնական բանկի տվյալներով, Հայաստանում եվրապարտատոմսերով իրականացված գործարքների ծավալը երկրորդային շուկայում հունվար-օգոստոսին կազմել է 92,11 մլն դոլար` 6,46 տոկոս միջին եկամտաբերությամբ:

Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը կազմել է 700 մլն դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6 տոկոս։ Հիմնական տեղաբաշխողներն են  Deutsche Bank AG–ն, London Branch–ը, HSBC Bank plc–ին և J.P.Morgan Securities plc–ն: –0–

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև