Հայաստանի բանկերի զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 53,3%–ով` հասնելով 13,1 մլրդ դրամի

21.10.2015 19:30
Հայաստանի բանկերի զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 53,3%–ով` հասնելով 13,1 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2015 թ.–ի հունվար–սեպտեմբերին կազմել է 8 129,9 մլն դրամ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 13 129,6 մլն դրամի համեմատ` կրճատվելով 53,3 տոկոսով։

Նման տվյալներ են ներկայացվում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» ֆինանսատնտեսական տեղեկագրում (Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները 2015 թ.–ի երրորդ եռամսյակում)։

Եռամսյակային տվյալներով` Հայաստանում գործող 21 բանկերից յոթն ավարտել են երրորդ եռամսյակը 9,9 մլրդ դրամի վնասով` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում վեց բանկերի կողմից կրած 3,6 մլրդ դրամի վնասի համեմատ։ Հարկ է նշել, որ բանկային շահույթի անկումը սկսվել է 2014 թ.–ի երկրորդ եռամսյակում և շարունակվում է մինչև հիմա։

Բացի այդ, 2015 թ.–ի 9 ամիսների ընթացքում, տարեսկզբի համեմատ, 2,1 տոկոսով նվազել են բանկերի համախառն ակտիվները` հասնելով 3 318,3 մլրդ դրամի, պարտավորությունները նվազել են 3,6 տոկոսով` հասնելով 2 807 մլրդ դրամի, վարկային ներդրումները` 4,3 տոկոսով` հասնելով 2 074 մլրդ դրամի։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվծում բանկերի կապիտալն ավելացել է 7,2 տոկոսով` հասնելով 511,3 մլրդ դրամի։

Հարկ է նշել, որ բանկային ցուցանիշների կրճատումը հիմնականում գրանցվել է այս տարվա առաջին եռամսյակում, երբ 2014 թ.–ի վերջին գրանցված հայկական դրամի կտրուկ արժեզրկման ազդեցությունը դեռ բավականին ուժեղ էր։ Ընդհանուր առմամբ, հայկական բանկերի շահութաբերության և մյուս հիմնական ցուցանիշների նվազման վրա ազդում է երկրում տիրող ընդհանուր տնտեսական վիճակը, կարգավորիչի կողմից որոշ նորմատիվների խստացումը (որոնք, մասնավորապես, վերաբերում են կապիտալին) և ֆինանսական շուկայում գոյություն ունեցող համապատասխան ռիսկերը։

Moody’s–ի հուլիսյան զեկույցի համաձայն` հայկական բանկերը 2015–2016 թթ.–ին կբախվեն դժվարությունների հետ Ռուսաստանում գրանցվող ռեցեսիայի պատճառով։ Վարկանիշային գործակալության վերլուծաբանները նշում են, որ ազգային արժույթի հետագա արժեզրկման դեպքում Հայաստանի բանկային հատվածը, որն ունի դոլարացման բարձր մակարդակ, կբախվի ակտիվների որակի վրա գործադրվող ճնշման խստացման հետ ($1 – 471,81 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև