Գարեգին Թոսունյանը, հավանաբար, դարձել է Վարկային պատմությունների ազգային բյուրոյի խոշորագույն բաժնետերը

23.10.2015 18:43
Գարեգին Թոսունյանը, հավանաբար, դարձել է Վարկային պատմությունների ազգային բյուրոյի խոշորագույն բաժնետերը

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսական բանկերի ասոցիացիայի (ՌԲԱ) նախագահ Գարեգին Թոսունյանն ավելացրել է Վարկայի պատմությունների ազգային բյուրոյում (ՎՊԱԲ) ունեցած իր մասնաբաժինը` 4,9 տոկոսից հասցնելով 11,8 տոկոսի, գրում է «Իզվեստիան»` հղում անելով ընկերության նյութերին։

ՎՊԱԲ–ը հավաքում, մշակում և պահում է փոխառուների մասին տեղեկությունները (վարկային պատմություններ)։ Այն հիմնադրվել է 2005 թ.–ին ՌԲԱ–ի նախաձեռնությամբ։ Հիմա ՎՊԱԲ–ը, որի կանոնադրական կապիտալը կազմում է 126 մլն ռուբլի, ներառված է Ռուսաստանի վարկային պատմությունների խոշորագույն բյուրոների եռյակում։

ՎՊԱԲ–ի հասույթը 2014 թ.–ին կազմել է 1,16 մլրդ ռուբլի, զուտ շահույթը` 237,2 մլն ռուբլի։ Համեմատության համար հարկավոր է նշել, որ «Միասնական վարկային բյուրոյի» (ՄՎԲ) հասույթը կազմում է 845,6 մլն ռուբլի, իսկ զուտ շահույթը`401 մլն։ Վերջին հինգ տարում ՎՊԱԲ–ի և ՄՎԲ–ի հասույթը գրեթե ամեն տարի կրկնապատկվել է։ Ոլորտի խոշորագույն դերակատարներից մեկը` «Էկվիֆաքս Կրեդիտ Սերվիսիզը» չի հրապարակում իր արդյունքները։

ՎՊԱԲ–ի բաժնետերի թվում են այնպիսի խոշոր ֆինանսական ինստիտուտներ, ինչպիսիք են «Ակ Բարս» բանկը, ՎՏԲ–ն, Գազպրոմբանկը, Ալֆա–Բանկը, Ռոսսելխոզբանկը և այլն։ ՎՊԱԲ–ի բաժնետերերի կոնկրետ մասնաբաժինները չեն հրապարակվում։ Ըստ ՍՊԱՐԿ–ի տվյալների բազայի` բաժնետեր բանկերից յուրաքանչյուրն ունի միայն 1–1,5–ական տոկոս։ Տարեկան հաշվետվություններում ևս չեն ներկայացվում բաժնետերերի տվյալները, սակայն, ըստ վերջին հաշվետվության, ՎՊԱԲ–ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վիկուլինին պատկանում է բյուրոյի բաժնետոմսերի 2 տոկոսը, այդ պատճառով հնարավոր է, որ Թոսունյանը ՎՊԱԲ–ի խոշորագույն բաժնետերն է։

ՎՊԱԲ–ի մամուլի ծառայությունն ու Գարեգին Թոսունյանը հրաժարվել են մեկնաբանություններից։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև