Հայաստանի բանկերում ֆիզիկական անձանց ավանդների ծավալը 10 տարում ավելացել է 10 անգամ

30.10.2015 17:38
Հայաստանի բանկերում ֆիզիկական անձանց ավանդների ծավալը 10 տարում ավելացել է 10 անգամ

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերում ֆիզիկական անձանց ավանդների ծավալը 10 տարում ավելացել է 10 անգամ և կազմել ավելի քան 1 086 մլրդ դրամ, իսկ ավանդատուների թիվն ավելացել է վեց անգամ և կազմում է ավելի քան 1,7 մլն, ուրբաթ լրագրողներին ասաց Ավանդների փոխհատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը։

Նրա խոսքով` հաշվարկները հիմնված են ֆիզիկական անձանց դեպոզիտների և ընթացիկ հաշիվների տվյալների վերլուծության վրա, միաժամանակ, եթե դիտարկվեն միայն դեպոզիտները, ապա գումարը ցածր կլինի միայն 10–15 տոկոսով։

Նա նշեց, որ Ավանդների փոխհատուցման երաշխավորման հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2005 թ.–ին` բանկային համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանն աջակցելու և ավանդների վերադարձը երաշխավորելու համար։

Նրա խոսքով, ըստ օրենսդրության` բանկերը եռամսյակը մեկ անգամ հիմնադրամ են փոխանցում նրանց հաշիվներում պահվող ավանդների գումարի 0,05 տոկոսը, իսկ հիմնադրամը կառավարում է այդ ակտիվները շահութաբերություն ապահովելու համար։

«Մեր աշխատանքի տասը տարվա ընթացքում բնակչության ավանդների փոխհատուցման չափը բազմաթիվ անգամ ավելացել է, ինչը վկայում է բանկային համակարգի կայունության և հիմնադրամի զարգացման մասին, որն ի վիճակի է երաշխավորել փոխհատուցումների բավականին բարձր մակարդակ», – ասաց Հարությունյանը։

ՀՀ խորհրդարանը հոկտեմբերի 26–ին միաձայն ընդունել է «Ֆիզիկական անձանց համար բանկային ավանդների փոխհատուցումների երաշխավորման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը, որը նախատեսում է 2,5 անգամ ավելացնել Հայաստանի բանկերում ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորմանը չափը` դրամային ավանդներինը հասցնելով մինչև 10 մլն դրամի և արտարժութային ավանդների դեպքում` 5 մլն դրամի։

«Նման փոփոխությունը դրական կանդրադառնա բանկային համակարգի վրա, քանի որ կբարձրացնի ավանդատուների վստահությունը, ինչպես նաև կհանգեցնի ոլորտի աճին», – ասաց Հարությունյանը։

Նա նաև ընդգծեց, որ այսօր Հայաստանում չկան ռիսկային բանկեր, որի ավանդատուները կարող են բախվել ավանդների փոխհատուցման խնդրի հետ։ «Համակարգը կայուն է, բանկերը լիկվիդային են և որևէ ռիսկ չկա», – եզրափակեց Հարությունյանը։

ՀՀ ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանի բանկերում Հայաստանի ռեզիդենտների ավանդները 2015 թ.–ի օգոստոսին կազմել են 1 422,1 մլրդ դրամ (ամսվա ընթացքում 0,8 տոկոսի անկում), դրամային ավանդները կազմել են 497,5 մլրդ դրամ (3 տոկոսի անկում), արտարժույթով ավանդները` 924,5 մլրդ դրամ (0,4 տոկոսի աճ) ($1 – 471,86 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև