Հայաստանում ավելի քան 94% ավանդատուների միջոցներն ամբողջությամբ երաշխավորված են

30.10.2015 17:54
Հայաստանում ավելի քան 94% ավանդատուների միջոցներն ամբողջությամբ երաշխավորված են

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ավելի քան 94 տոկոս ավանդատուների միջոցներն ամբողջությամբ երաշխավորված են, ուրբաթ լրագրողներին ասաց Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Ֆայտ Գեյզենհուսը (Veit H.Gesenhues).

Ինչպես նշեց փորձագետը, Հայաստանում նկատվում է տեղական բանկերում ավանդների ծավալների աճ, և դա պատահական երևույթ չէ, այլ` Ավանդների փոխհատուցումը երաշխավորող հիմնադրամի հետևողական քաղաքականության և Կենտրոնական բանկի կողմից ոլորտը կարգավորելու արդյունք։

«Շատ կարևոր է, որ Հայաստանում խրախուսվում է բնակչությունից ավանդների ներգրավումը ֆինանսական կառույցներ, ինչը կհանգեցնի հանրապետության տնտեսության զարգացման», – ասաց Գեյզենհուսը։

Նա նաև դրական գնահատեց Հայաստանում դրամային ավանդների երաշխավորման չափը մինչև 10 մլն դրամ ավելացնելու փաստը (այսօր գործող 4 մլն դրամի համեմատ), իսկ արտարժութային ավանդների չափը` 5 մլն դրամով` ներկա 2 մլն դրամի փոխարեն։

Ինչպես կարծում է փորձագետը, բնակչության ավանդների փոխհատուցումը երաշխավորող չափի ավելացման քաղաքականությունը խրախուսիչ է, այն բավականին դրական գործոն է երկրի ֆինանսական համակարգի համար։

ՀՀ խորհրդարանը հոկտեմբերի 26–ին միաձայն ընդունել է «Ֆիզիկական անձանց համար բանկային ավանդների փոխհատուցումների երաշխավորման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը, որը նախատեսում է 2,5 անգամ ավելացնել Հայաստանի բանկերում ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման չափը։ Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո 10–րդ օրը։

ՀՀ ԿԲ–ի գնահատմամբ` բանկային ավանդների երաշխավորման չափի 2,5 անգամ ավելացումը թույլ կտա ապահովագրել հայ ավանդատուների դեպոզիտների 95 տոկոսը։

Ինչպես կարծում են ԿԲ–ում, հաշվի առնելով Հայաստանի բանկային համակարգի զարգացումը վերջին 5–6 տարիներին, որոնց ընթացքում գրանցվել են  բավականին բարձր ծավալներ և՛ վարկերի, և՛ ներգրավված դեպոզիտների գծով, ավանդների երաշխավորման չափն ավելացնելու նախաձեռնությունն անհրաժեշտ էր և պահանջված։ Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ ավանդների մեծ մասի չափը միջինը մոտ է ավանդների երաշխավորման չափին։

ՀՀ ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանի բանկերում Հայաստանի ռեզիդենտների ավանդները 2015 թ.–ի օգոստոսին կազմել են 1 422,1 մլրդ դրամ (ամսվա ընթացքում 0,8 տոկոսի անկում), դրամային ավանդները կազմել են 497,5 մլրդ դրամ (3 տոկոսի անկում), արտարժույթով ավանդները` 924,5 մլրդ դրամ (0,4 տոկոսի աճ) ($1 – 471,86 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև