Ամերիաբանկի օնլայն–բանկինգի հաճախորդները պաշտպանված են հակերական գրոհներից

30.10.2015 21:00
Ամերիաբանկի օնլայն–բանկինգի հաճախորդները պաշտպանված են հակերական գրոհներից

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի օնլայն–բանկինգի հաճախորդները պաշտպանված են հնարավոր հակերական գրոհների սպառնալիքներից, ասաց Ամերիաբանկի տնօրինության անդամ, տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը ուրբաթ «Հիմնավորվա՞ծ է, արդյոք, հեռահար բանկային ծառայությունների տարածումը Հայաստանում» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

Նրա խոսքով` բանկային տեխնոլոգիաների լայն տարածմանը զուգահեռ աճում են նաև ռիսկերը, մասնավորապես` հակերների կողմից։ «Ամերիաբանկն օգտագործում է VeriSign անվտանգության ամենահայտնի միջազգային հավաստագիրը։ Եվ ես չգիտեմ այս հավաստագիրը կոտրելու որևէ դեպք», – ասաց նա։

Ինչպես նշեց Մովսիսյանը, ՀՀ կենտրոնական բանկը, որպես կարգավորիչ, մեծ ուշադրություն է դարձնում բանկային համակարգի, նրա պրոդուկտների, այդ թվում օնլայն–բանկինգի անվտանգությանը։

Նա նաև ավելացրեց, որ բոլոր հայկական բանկերն ունեն ներքին նորմեր, ըստ որոնց բանկերը պարտավոր են պարբերաբար անցկացնել «ներթափանցման թեստավորում» (Penetration testing)։

«Մեր բանկում նման թեստավորումներն անցկացվում են եռամսյակը մեկ անգամ։ Ասեմ, որ ներթափանցման թեստավորում անցկացնելիս մենք բացասական արդյունքներ չենք ունեցել։ Այդ պատճառով մեր հաճախորդները կարող են հանգիստ լինել, քանի որ մեր համակարգն ամուր պաշտպանված է», – ավելացրել է նա։

«Ամերիա» խորհրդատվական ընկերությանն անցկացրած ուսումնասիրության համաձայն` Հայաստանում գործող 21 բանկերից միայն երեքը չունեն օնլայն–բանկինգի ծառայություն, որը նախատեսված է ֆիզիկական անձանց համար։ Միաժամանակ ընկերության կողմից երկրի 11 քաղաքներում կազմակերպված հարցումը ցույց է տվել, որ բանկերի հաճախորդների շրջանում օնլայն–բանկինգից օգտվողների մասնաբաժինը 2014 թ.–ին կազմել է 2 տոկոս` 2013 թ.–ին գրանցված 1,3 տոկոսի համեմատ։

Ամերիաբանկի ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների 17,5 տոկոսը գոնե մեկ անգամ օգտվել է օնլայն–բանկինգից, իսկ ակտիվ օգտատերերը թիվը կազմում է 3,5 տոկոս։ Միաժամանակ կորպորատիվ հաճախորդների շրջանում օնլայն–բանկինգից օգտվել է 24,2 տոկոսը, ակտիվները թիվը կազմում է 23,2 տոկոս։

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով։ Այն Հայաստանում գործող առաջին ներդրումային բանկն է, որը 2007 թ.–ից տրամադրում է ներդրումային բանկային ծառայությունների լայն շրջանակ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև