«NASDAQ OMX Armenia» -ում տեղի կունենա «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում

10.11.2015 13:10
«NASDAQ OMX Armenia» -ում  տեղի կունենա  «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի  անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 17-ին «NASDAQ OMX Armenia» ֆոնդային բորսայում տեղի կունենա «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում, հաղորդում է  ընկերության պաշտոնական կայքը:

Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ  անհատ ձեռնարկատերերն  ու իրավաբանական անձինք:

“Այս կերպ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հնարավորություն է ընձեռում իրականացնել փոխշահավետ ներդրում  և առավել արդյունավետ տեղաբաշխել ֆինանսական միջոցները: Ընկերության պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները օգտագործվելու են  ֆինանսական ծառայությունների ծավալների ընդլայնման, այդ թվում՝ նոր վարկատեսակների մշակման ու ներդրման, ինպես նաև կազմակերպության գործունեության աշխարհագրությունը մեծացնելու ուղղությամբ”,-ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունը պարտատոմսերի տեղաբաշխումը իրականացնելու է  երկու արժույթով:

Առաջին տրանշով կտեղաբաշխվի 10.000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 1,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, մեկ պարտատոմսի 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 9.5% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով:

Երկրորդ տրանշով՝ կտեղաբաշխվի ևս 10,000 հատ  անվանական արժեկտրոնային պարտատոմս՝ 100,000,000 մլն ՀՀ դրամ ծավալով, մեկ պարտատոմսի 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 15% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով և 12 ամիս շրջանառության ժամկետով:

Թողարկվող պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ ներդրումային ընկերության միջոցով: Այն հանդիսանում է ՀՀ ֆինանսական շուկայում ներդրումային ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկը, որը նաև կիրականացնի տվյալ արժեթղթերի ամենօրյա գնանշումներ «NASDAQ OMX Armenia»  ֆոնդային բորսայում՝ պարտատոմսերի իրացվելիությունը ապահովելու նպատակով:

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը  ՀՀ ֆինանսական շուկայում գործող մասնավոր վարկային կազմակերպություններից առաջինն է, որն իր  ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը բավարարելու նպատակով իրականացնում է պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում:

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ»  ունիվերսալ վարկային կազմակերպությունը իր հաճախորդներին տարբեր ոլորտներում ֆինանսական ծառայություններ մատուցող, Հայաստանի ֆինանսական շուկայում   ակտիվ գործունեություն ծավալող և  աճի կայուն դինամիկա  ունեցող ընկերություններից մեկն է,որը  ակտիվների մեծությամբ մտնում է 5 խոշոր մասնավոր վարկային ընկերությունների մեջ:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև