ՀՀ ԿԲ–ն 0,5 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` հասցնելով 9,75%–ի

10.11.2015 19:01
ՀՀ ԿԲ–ն 0,5 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` հասցնելով 9,75%–ի

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ի խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշել է 0,5 տոկոսային կետով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` հասցնելով 9,75%–ի, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

2015 թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.0% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ ամսվա վերջին կազմելով 1.9%:

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները, ինչն ուղեկցվել է միջազգային ապրանքային շուկաներում  գների շարունակական նվազմամբ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ նման միտումները կպահպանվեն նաև առաջիկա ամիսներին, ինչից ելնելով արտաքին հատվածից ներքին գների վրա ակնկալվում է գնանկումային ազդեցություն:

Խորհուրդն արձանագրում է, որ հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.7%, որին հիմնականում նպաստել են գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ճյուղերում գրանցված աճը:

Այս իրավիճակում գնաճի նվազումը գրեթե ամբողջությամբ պայմանավորվել է գյուղմթերքների գների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր մակարդակների ձևավորմամբ: Ներքին պահանջարկը շարունակում է մնալ թույլ, չնայած 2015 թվականի հարկաբյուջետային քաղաքականության խթանող ազդեցությանը:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ պահպանվող թույլ ներքին պահանջարկը և արտաքին գնանկումային միջավայրը դանդաղ են արտացոլվում սեզոնային գյուղմթերքներից զտված գնաճի ցուցանիշում, որը վկայում է դեռևս բարձր գնաճային սպասումների առկայության մասին:

Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը կարծում է, որ գնաճային սպասումների նվազմանը զուգահեռ այդ ապրանքատեսակների գնաճը ևս կնվազի: Այս պարագայում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում թուլացնել դրամավարկային պայմանները, ինչը ցածր գնաճային սպասումների դեպքում կարող էր ավելի կտրուկ լինել:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին գնաճը կպահպանվի ցածր մակարդակում, այնուհետև, նախանշված քաղաքականության արդյունքում դանդաղ կընդլայնվի՝ կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

Գնաճային սպասումների խարսխման, արտաքին և ներքին լրացուցիչ ռիսկերի բացակայության դեպքում ԿԲ խորհուրդը կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը:

ՀՀ ԿԲ–ն վերջին անգամ փոխել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2015 թ.–ի օգոստոսի 11–ին` 10,5 տոկոսից նվազեցնելով 10,25 տոկոսի։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում գնաճը 2015 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), իսկ ՀՆԱ–ի աճը` 4,1 տոկոսի սահմանում։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև