ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱԶԲ–ի հետ 85.5 մլն դոլարի` սեյսմակայունության համաձայնագրին

12.11.2015 17:23
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱԶԲ–ի հետ 85.5 մլն դոլարի` սեյսմակայունության համաձայնագրին

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2015 թվականի հոկտեմբերի 19–ին Ասիական զարգացման բանկի հետ 85.5 մլն դոլարի` դպրոցների սեյսմակայունության բարձրացման վերաբերյալ ստորագրած համաձայնագրին։

«Համաձայնագրի շրջանակում իրագործվելիք ծրագրի նպատակը դպրոցների սեյսմակայունության ամրապնդումն է։ Ծրագիրը կիրականացվի դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացման, հնարավոր աղետի դեպքում պատրաստվածության և արձագանքման հնարավորությունների ընդլայնման ուղղություններով»,– ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։

Ըստ նրա, կանցկացվի նաև ռիսկերի գնահատման և կառավարման աշխատանք։

«Վարկի սպասարկման վճարները կիրականացվեն կես տարին մեկ անգամ։ Տոկոսադրույքը կազմում է տարեկան 2 տոկոս, մարման ժամկետը` 25 տարի, որոնցից 5–ը` արտոնյալ ժամանակահատված։ Ներկայում համաձայնագիրը միջպետական վավերացման փուլում է»,– ասաց Խաչատրյանը։

2015-2030 թվականներին Հայաստանում Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրի շրջանակում կհայտնվեն սեյսմակայուն շինարարության ժամանակակից չափանիշներին համապատասխան ավելի քան 370 դպրոցներ։ ԱԶԲ այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 617 մլն դոլար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև