ԱՄՀ–ն հաստատել է Հայաստանին EFF ծրագրի շրջանակում 16.3 մլն դոլարի հատկացումը

12.11.2015 18:06
ԱՄՀ–ն հաստատել է Հայաստանին EFF ծրագրի շրջանակում 16.3 մլն դոլարի հատկացումը

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է  Հայաստանին «Ընդլայնված ֆինանսավորում» (EFF) ծրագրի շրջանակում 16.3 մլն դոլարի հատկացումը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

ԱՄՀ գործադիր խորհուրդը նոյեմբերի 12–ին ավարտել է Հայաստանում ծրագրի իրագործման ստուգումը, ինչի արդյունքում հիմնադրամը հաստատել է 11.74 մլն SDR կամ 16.3 մլն դոլարի ֆինանսավորման հատկացումը` հատկացումների ընդհանուր գումարը հասցնելով 35.22 մլն SDR–ի կամ 48.9 մլն դոլարի։

Ավարտելով եզրափակիչ ստուգումը` Գործադիր խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի կառավարության հայտին բացառություն կատարել 2015 թվականի հունիսի վերջի դրությամբ Կենտրոնական բանկի միջազգային համախառն պահուստներին, զուտ ներքին ակտիվներին և պետբյուջեի պակասուրդին, ինչպես նաև իշխանության կողմից բազմարժութային պրակտիկայի չհաստատմանը կամ փոփոխմանը վերաբերող մի շարք նորմեր չկատարելու համար։

Ինչպես հայտնեց ԱՄՀ նախագահի պաշտոնակատարի և տնօրենի տեղակալ Միտսուիո Ֆուրուսավան, Հայաստանում ծրագրի իրագործման վրա բացասաբար են ազդել ակնկալվածից ավելի թույլ արտաքին պայմաններ, ինչպես նաև ծրագրային քաղաքականությունից որոշ շեղումներ։

«Հայկական իշխանությունների արձագանքն օգնել է մեղմել շոկերի առաջնային հետևանքները, սակայն բարդ հեռանկարը շարունակվում է մինչ օրս։ Այսպիսով, ծրագրի նպատակին հասնելու, բուֆերների և քաղաքականության հնարավորությունների վերստեղծման, ինչպես նաև Հայաստանում աճի ներուժի խթանման համար Հայաստանին պետք է համաձայնեցված քայլեր իրականացնել»,– նշել է Ֆուրուսավան։

Այդ համատեքստում նա հատուկ կարևորել է իշխանությունների միջամտության սահմանափակումը և ավելի ճկուն արժութային քաղաքականության իրականացումը։ Ինչ վերաբերում է բանկային հատվածին, ապա ԱՄՀ ներկայացուցչի գնահատականների համաձայն, այն կայուն է մնում։

«Էներգետիկ ոլորտի ֆինանսական առողջացման ծրագրերի ներդրումը, ինչպես նաև մրցակցության, մրցունակության, տեղական և գլոբալ ինտեգրմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումներն առաջվա պես կարևորագույն դեր են խաղում խոցելիության նվազման և երկրում մեծ աճի հարցում»,– նշել է նա։
ԱՄՀ` 82.21 մլն SDR կամ 114.1 մլն դոլար ընդհանուր արժողության «Ընդլայնված ֆինանսավորում» ծրագիրը հաստատվել է 2014 թվականի մարտի 7–ին։ -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև